ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին արձագանքել է բողոքի նոտային, որը կապված է նրա հնչեցրած որոշ արտահայտությունների հետ։ Ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, քաղաքական գործիչը, մեկնաբանելով այդ լուրը լրագրողների համար, հիշեցրել է խոսքի ազատության մասին:
Մասնավորապես նա հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենին հիմար են անվանում, իսկ ԱՄՆ-ի նախկին ղեկավար Դոնալդ Թրամփի բերանը փակել են, ձայնից զրկել:
«Եվ ոչ ոք բողոքի նոտա չի հղում։ Իսկ այստեղ ես եմ ելույթ ունենում․ Բաքվին չդիպչեմ` բողոքի նոտա կլինի։ Հայաստանին չդիպչեմ... Առհասարակ մենք բոլորս պետք է լռենք ու գովե՞նք նրանց, թե որքան լավն են, որ ռուս ժողովրդի հաշվին են ապրում»,-ընդգծել է ՌԼԴԿ ղեկավարը։
Բացի այդ, նա հիշեցրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին «իմաստուն ղեկավար» է անվանել, իսկ նրա հոր (Հեյդար Ալիևի. խմբ.) մասին էլ ավելի լավ է արտահայտվել:
«Իսկ եթե ինչ-որ չինովնիկներ դժվար են մտածում և որոշել են ժամանակավոր հավատարմատարին ինչ-որ նոտա հանձնել, ապա նրանք չգիտե՞ն խոսքի ազատության մասին»,- եզրափակել Է Ժիրինովսկին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բաքվում ՌԴ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ նրան նոտա են հանձնել Ժիրինովսկու արտահայտությունների կապակցությամբ: Մասնավորապես անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային լարվածության թեմային` քաղաքական գործիչը հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է վերադառնա Ռուսական կայսրության և ԽՍՀՄ-ի բոլոր տարածքներ, իսկ Հարավային Կովկասը ռուսական ազդեցության գոտի է: