ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի - Sputnik. Ռուս շոումեն և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Ռևայի կինը՝ Անժելիկա Ռևան, հուզիչ տեսանյութ է հրապարակել, որում նրա դուստրը՝ Ամելին, երգում է (ավելի ճիշտ ՝ ձայնակցում) ավստրալուհի SIA-ի հիթերից մեկը:
«Սիրտս պատռում է իր ռեպերտուարով։ Ամելի, խնայիր մորդ նյարդերը։ Ում հետաքրքիր է, փնտրեք թարգմանությունը, կամ ես ձեզ կուղարկեմ մեկնաբանություններում, միասին կլացենք», - տեսանյութին կից գրել է Անժելիկան։
Տեսանյութն արդեն ավելի քան 31 հազար դիտում ունի, օգտատերերը հիացական մեկնաբանություններ են գրել ու զարմացել, որ աղջիկն անգիր գիտի տեքստը:
«Հոր աղջիկն է, մոր երջանկությունը։ Իսկ ինչպես է արտաբերում բառերը` առանց շրջանցելու։ Կեցցես», - գրել է նրանցից մեկը։
«Հիանալի է երգում։ Ապրես, փոքրիկ գեղեցկուհի», - ավելացրել է մեկ ուրիշը։
Ալեքսանդրն ու Անժելիկան իրենց հարաբերությունները պաշտոնապես գրանցել են 2007-ին, երբ Անժելիկան արդեն հղի էր: Մի քանի ամիս անց լույս աշխարհ եկավ նրանց առաջին դուստրը՝ Ալիսան, իսկ 2013-ին՝ Ամելին։
Անժելիկայի հայրը հայ է, մայրը` ռուս։