Փարիզի տարբեր հատվածներում քաղաքացիները դուրս են եկել բողոքի ակցիայի: Մասնակիցներն իրենց բողոքի ձայնն են բարձրացնում հասարակական վայրերում սանիտարական անցաթուղթ կիրառելու առնչությամբ:
Բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Ազատություն», «Բռնապետին՝ բանտ». այս և այլ կարգախոսներով քաղաքացիներն ակցիա են անցկացնում՝ որոշ տեղերում շշեր նետելով ոստիկանների ուղղությամբ:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հուլիսի 12-ին հանդես էր եկել հեռուստաուղերձով և հայտարարել հակահամաճարակային կանոնների խստացման մասին: Համաձայն նոր որոշումների՝ օգոստոսի 9-ից ռեստորաններում, բարերում, առևտրի կետերում, ինքնաթիռներում և գնացքներում կպահանջվի սանիտարական անցաթուղթ, որը կվկայի պատվաստման կամ կորոնավիրուսի թեստի բացասական պատասխանի մասին:
Փաստաթուղթը չի նախատեսում ազատել աշխատանքից նրանց, որոնք չեն պատվաստվել։ Սանիտարական անցաթուղթը 12-17 տարեկան երեխաների համար կսկսի գործել սեպտեմբերի 30-ից: Նոյեմբերի 15-ից հետո խորհրդարանում կլինի նոր քվեարկություն, որից հետո միայն պարզ կդառնա սանիտարական անցաթղթի մասին պահանջը կշարունակի գործել, թե ոչ։
Բացի այդ, երկրում պարտադիր պատվաստում կմտցվի հիվանդանոցներում և ծերանոցներում գործունեություն ծավալող բժիշկների և աշխատողների համար: Մակրոնի խոսքով ՝ սեպտեմբերի 15-ից կսկսեն ստուգումներ անցկացնել և պատժիչ միջոցներ կիրառել օրինախախտների դեմ։
Բժիշկը զգուշացրել է` կորոնավիրուսի «դելտա» շտամի դեպքում հիվանդությունը երկար է տևում
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Ֆրանսիայի առողջապահության նախարարը, աշխատանքից կազատվեն այն բուժաշխատողները, որոնք չեն պատվաստվի։
Այս շաբաթ երկրում հայտարարել է COVID-19-ի չորրորդ ալիքի մասին: