ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. Նոր ավտոբուսները, որը Երևանը պատվիրել է Չինաստանից, հանդիսավոր կերպով ուղևորվել են դեպի Շանհայի նավահանգիստ։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
«Մեր պատվիրած 211 ավտոբուսներն այսօր Չինաստանի Լյաոչեն քաղաքի գործարանից հանդիսավոր պայմաններում ուղևորվեցին դեպի Շանհայի նավահանգիստ, որտեղից էլ նավով կմեկնեն դեպի Փոթի նավահանգիստ, այնտեղից էլ՝ Երևան»,–գրել է Մարությանը:
Նա նշել է, որ ճանապարհման հանդիսավոր արարողությանը մասնակցել է Չինաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը:
Ավտոբուսները Երևան կհասնեն նախատեսված ժամկետում՝ հոկտեմբերին:
Հիշեցնենք` Մարությանը մայիսի 25-ին ավագանու նիստի ժամանակ հայտարարել էր, որ Չինաստանից առաջիկա վեց ամիսների ընթացքում 8,6 մետրանոց բարձր ստանդարտներին համապատասխանող 211 ավտոբուս կմատակարարվի Երևան:
Հայաստան կժամանի նախ 161, ապա մնացած 50 ավտոբուսը, որոնք ձեռք բերելու համար պայմանագրեր են ստորագրվել:
Ավտոբուսներն աշխատում են CNG-ով, որը դասվում է կանաչ վառելիքների շարքին:
Հուլիսի 1-ից Երևանում ևս մեկ երթուղի կաշխատի կոմպակտ դասի նոր ավտոբուսներով