Ամենահին կոնյակը Հայաստանում է արտադրվել. իսպանական Forbes-ը հոդված է հրապարակել

Հայաստանին նվիրված բաժնում նշվում է, որ հայերն այդ խմիչքն իրենց հողում պատրաստել են դեռևս բաբելոնյան ժամանակաշրջանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. Իսպանական Forbes-ը Հայաստանը ներառել է ճամփորդությունների համար 7 տպավորիչ ուղղությունների թվում, ուր մարդիկ կարող է այցելել, չնայած COVID-19–ի։

Հայաստանին նվիրված բաժնում նշվում է, որ հայերը կոնյակն իրենց հողում պատրաստել են դեռևս բաբելոնյան ժամանակաշրջանում։

Գինեգործության հնագույն երկիր. Forbes–ը հոդված է տպագրել Հայաստանի խաղողագործության մասին

«Արարատ կոնյակը, որն անվանվել է Հայաստանի և Թուրքիայի սահմանին գտնվող Արարատ լեռան պատվին, ընկույզի, համեմունքների, մուգ շոկոլադի և վանիլի բույր ունի։ Գաղտնիքը նրանում է, որ այն արտադրում է տեղական խաղողի սորտերից։ Համային հատկություններն այն ստանում է նաև Արարատյան դաշտի կլիմայի և հայկական կաղնու տակառներում կրկնակի թորման և հնեցման հնագույն մեթոդի շնորհիվ», - ասվում է հոդվածում։

Հոդվածի հեղինակը հիշել է նաև 20-րդ դարի սկզբին հայտնի հայ կոնյակագործ Մարգար Սեդրակյանի հետ կապված լեգենդը, որում ասվում է, որ Ուինսթոն Չերչիլը մի անգամ ասել է, որ «Դվին» կոնյակի համը փոքր–ինչ փոխվել է, դարձել է ավելի վատը։

Իմանալով այդ մասին և տեղեկանալով, որ այդ կոնյակը ստեղծող Մարգար Սեդրակյանն աքսորված է Սիբիր, Իոսիֆ Ստալինը  հրամայել է նրան անհապաղ ազատ արձակել, վերականգնել գործարանի գլխավոր տեխնոլոգի պաշտոնում և վերադարձնել կոնյակի նախկին համը:

Մեծ Բրիտանիայի վարչապետը շարունակում էր ստանալ իր սիրելի կոնյակը և խմել օրական մեկ շիշ, ինչպես հիշում են նրա ժամանակակիցները։

Նշենք, որ Իսպանական Forbes-ը տպավորիչ ճանապարհորդությունների ուղղությունների թվում ներառել է նաև Մալթան, Էկվադորը, Նամիբիան, Իռլանդիան, Վրաստանը, Բոլիվիան։

Հայ փախստականների թոռը. Forbes–ն Ալեքսիս Օհանյանի գործունեության մասին հոդված է հրապարակել