«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է գումարով և ոսկյա իրերով պայուսակ

Օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցն ուղևորի պայուսակը հայտնաբերելուց հետո հանձնել է կորած և գտնված իրերի բաժին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է գումարով և ոսկյա իրերով պայուսակ։ Տեղեկությունը Facebook–ի էջում հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն։ 

«Նախօրեին Մոսկվայից Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան ժամանած ուղևորը պարզել է, որ կորցրել է պայուսակը: Օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցն ուղևորի պայուսակը հայտնաբերելուց հետո, որտեղ եղել են գումար, ոսկյա իրեր, հեռախոս և այլ իրեր, ըստ ընթացակարգի, հանձնել է կորած և գտնված իրերի բաժին»,–նշված է գրառման մեջ։

Ուղևորն իր շնորհակալությունն է հայտնել ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակցին՝ կորցրած պայուսակն ամբողջ պարունակությամբ հայտնաբերելու համար:

Հիշեցնենք, որ մայիսի 18-ին նույնպես «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցը ոսկյա իրերով և գումարով պայուսակ էր հայտնաբերել։

Նշենք, որ նման դեպքեր օդանավակայանում հաճախ են լինում, երբ աշխատակիցները խոշոր գումարով պայուսակ են գտնում և փոխանցում կորած իրերի բաժին։