Խաղաղապահներն Արցախում ապահովել են ուխտավորների այցելության անվտանգությունն Ամարասի վանք

Ռուս զինվորականները ստուգել են Ամարասի վանքին հարող ավելի քան 20 օբյեկտ ու մոտ 5 հա տարածք, որ այնտեղ կասկածելի անձինք ու առարկաներ չլինեն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի - Sputnik. Ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովել են ուխտավորների այցելության անվտանգությունը Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Ամարաս հնագույն վանք: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Ժամերգությունների նախօրեին կողմերի սահմանազատման գծի մերձակայքում գտնվող վանական համալիրի օբյեկտներում խաղաղապահների կողմից անցկացվել են հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության, ինչպես նաև Ստեփանակերտ – Ամարասի վանք ու հակառակ ուղղությամբ ուխտավորներով ավտոշարասյան տեղաշարժի անվտանգության ապահովման միջոցառումներ», –ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ընդհանուր առմամբ ստուգվել են Ամարասի վանքին հարող ավելի քան 20 օբյեկտ ու մոտ 5 հա տարածք, որ այնտեղ կասկածելի անձինք ու առարկաներ չլինեն:

«Մեր ձեռքով տվեցինք, հետ եկանք...». Դադիվանքի վանահայրը չգիտի` ոնց են լքելու վանքը

«Ամարասի վանական համալիրի տարածքում իրականացվել է քաղաքացիական բնակչության անվտանգության ապահովման համալիր վարժանք։ Այդ վարժանքներն անցկացվում են կանոնավոր կերպով, անձնակազմը բարձրացնում է իր հմտությունները ցանկացած իրավիճակում հմտորեն գործելու համար», - ասել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Միխայիլ Սեդովը։

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: