ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի - Sputnik. ՀՀ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը հանդիպել է Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլիի հետ։ Տեղեկությունը նա հայտնել է Facebook–ի իր էջում։
«Գործընկերոջս հետ խոսել ենք մեր երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորությունների և տնտեսական կապերի ամրապնդման մասին, անդրադարձել հարկային ու մաքսային ոլորտներում համագործակցության կարևորության հարցերին։
Քննարկել ենք նաև Վրաստանի տարածքով տարանցիկ փոխադրումների հետ կապված խնդիրները»,–գրել է Քերոբյանը։
Նշենք, որ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարը երկօրյա աշխատանքային այցով (հուլիսի 29-30-ը) գտնվում է Վրաստանի Հանրապետությունում։
Քերոբյանի հետ Թբիլիսի են մեկնել նաև նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանն ու էկոնոմիկայի նախարարության արտաքին կապերի վարչության պետ Արմեն Այվազյանը։ Նպատակն առևտրատնտեսական ոլորտին առնչվող հայ-վրացական երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները քննարկելն է։
Քերոբյանը գործուղումից վերադառնալուց հետո պետք է եռօրյա ժամկետում հաշվետվություն ներկայացնի ՀՀ վարչապետի աշխատակազմ և ԱԳՆ։
Կատակով եմ ասել. Քերոբյանը` խոպանչիներին «բերման ենթարկելու» մասին