ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Ավարտական փուլում են գտնվում ՀՀ Տավուշի մարզի Բերդ խոշորացված համայնքի Վերին Կարմիրաղբյուր գյուղի 1,65 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը` ֆեյսբուքյան էջում լուսանկարներ տեղադրելով։
Սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուրի ճանապարհները հիմնանորոգվել են
© Photo : Facebook / Road Department SNCO/«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ
«Շինաշխատանքները մեկնարկել էին 2020թ. օգոստոսին։ Կառուցվել է ջրահեռացման համակարգը, ասֆալտապատվել է ճանապարհը, տեղադրվել են ճանապարհային նշաններ, արհեստական անհարթություններ»,–նշված է լուսանկարներին կից։
Վերին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավար Կամո Չոբանյանը նշել է, որ ճանապարհի հիմնանորոգումը նպաստում է գյուղի զարգացմանը, բնակիչների բարեկեցության բարձրացմանը։
Ի դեպ, ասֆալտապատվել են նաև դպրոց, մանկապարտեզ, եկեղեցի տանող մուտքերը։