Սահմանի վրա ճնշումներով Անկարան ու Բաքուն փորձում են զիջումներ կորզել Հայաստանից․ փորձագետ

Ռուբեն Սաֆրաստյանը կարևորում է ՀԱՊԿ արձագանքը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի - Sputnik. Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են Հայաստանից տարածքային զիջումների և Արցախի կարգավիճակի հարցում զիջումների հասնել՝ մեծացնելով ճնշումը պետական սահմանի վրա ռազմական սադրանքներով։ Այսօր լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտական ղեկավարի պաշտոնակատար, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը։

«Սա այն դեպքն է, երբ ՀԱՊԿ-ը պետք է լրջորեն քննարկի հայ-ադրբեջանական սահմանին մոնիթորինգային առաքելություն տեղակայելու մասին Հայաստանի իշխանության առաջարկը։ Եթե այս անգամ էլ այդ կազմակերպությունը չկատարի իր հիմնական գործառույթները, որոնց համար ստեղծվել է, ապա դրա ապագան լուրջ հարցականի տակ է լինելու», - կարծում է փորձագետը։

Միևնույն ժամանակ, նա կարևորեց ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության անդամ Ֆրենկ Փալոնեի առաջարկը՝ դադարեցնել ԱՄՆ–ի ռազմական օգնությունը Ադրբեջանին։ Փորձագետի կարծիքով՝ դա ազդանշան է այն մասին, որ հնարավոր է` ԱՄՆ-ն վերանայի իր դիրքորոշումը Ադրբեջանի նկատմամբ, քանի որ այն աստիճանաբար ավելի ագրեսիվ ու ավտորիտար է դառնում:

Խոցվել է Ադրբեջանի ԶՈւ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ. ՀՀ ՊՆ

Սակայն Սաֆրաստյանն ավելի կարևոր է համարում այդ հարցում Սենատի և նախագահի աշխատակազմի որոշումը։

«Մի շարք պատճառներով Կոնգրեսն օբյեկտիվորեն է գնահատում իրավիճակն ու Ադրբեջանի վարքագիծը, սակայն, ցավոք, Սպիտակ տունն ազնվորեն չի արձագանքում այնտեղից եկող ազդակներին», - նշեց ակադեմիկոսը՝ հիշեցնելով Ադրբեջանի նավթային ռեսուրսների մասին, որոնք կարևոր են Արևմուտքի համար:

Հիշեցնենք` հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել էին սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել էին Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։

Ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, հետ են շպրտվել. ՊՆ

Հայկական կողմն ունի երեք զոհ, հինգ վիրավոր։

Հուլիսի 29-ին` ժամը 03:00-ի սահմանում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում, Քարվաճառի ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, խախտելով նախորդ օրը ձեռք բերված` կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը, կրկին դիմել էին սադրանքի ու կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ։

Հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել են ԱԹՍ-ների՝ ՀՀ օդային տարած մուտք գործելու փորձեր։

Այսօր` հուլիսի 30–ին, Խոցվել է Ադրբեջանի ԶՈւ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ, որի բեկորներն ընկել են Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղից 3.5 կիլոմետր դեպի հյուսիս։