Մհեր Մարգարյանը ՄԱԿ–ի ԱԽ նախագահին նամակով է ներկայացրել Ադրբեջանի քայլերը

Նամակում ասվում է, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները Հայաստանի հանդեպ զուգորդվում են ամենաբարձր մակարդակով հնչող տարածքային պահանջներով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը նամակ է հղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հուլիս ամսվա նախագահող, ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Նիկոլա Դե Ռիվիերին։ Տեղեկությունը հրապարակվել է ՄԱԿ–ում Հայաստանի մշտական ներկայացուցչության պաշտոնական կայքում։

Մարգարյանը Նիկոլա Դե Ռիվիերին ներկայացրել է Ադրբեջանի կողմից շարունակվող ոտնձգությունները ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ, որոնք հանգեցրել են մարդկային կորուստների։

«Ընդգծվել է, որ Հայաստանը հաստատակամ է իր ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության ապահովման հարցում օգտագործելու ինքնապաշտպանության օրինական իրավունքը։ Հայաստանը հավատացած է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և հարատև քաղաքական կարգավորումը պետք է լինի խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նամակում ասվում է նաև, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները Հայաստանի հանդեպ զուգորդվում են ամենաբարձր մակարդակով հնչող տարածքային պահանջներով, ռազմական գործողությունների սպառնալիքով, ազգային պատկանելության հողի վրա ատելության խոսքով։

Ադրբեջանի ԶՈւ-ն պետք է անհապաղ դուրս գա Հայաստանից․ Գրիգորյանը զրուցել է Կլաարի հետ

Նամակը շրջանառվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և առաջիկայում կհրապարակվի որպես ՄԱԿ ԱԽ պաշտոնական փաստաթուղթ:

Հիշեցնենք` հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել էին սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել էին Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։

Ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, հետ են շպրտվել. ՊՆ

Հայկական կողմն ունի երեք զոհ, հինգ վիրավոր։

Հուլիսի 29-ին` ժամը 03:00-ի սահմանում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում, Քարվաճառի ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, խախտելով նախորդ օրը ձեռք բերված` կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը, կրկին դիմել էին սադրանքի ու կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ։

Հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել են ԱԹՍ-ների՝ ՀՀ օդային տարած մուտք գործելու փորձեր։

Այսօր` հուլիսի 30–ին, խոցվել է Ադրբեջանի ԶՈւ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ, որի բեկորներն ընկել են Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղից 3.5 կիլոմետր դեպի հյուսիս։