Ինքնահրկիզման դեպքը ՄԻՊ–ի հետ առնչություն չունի. քաղաքացին ավելի քան 50 տոկոս այրվածք ունի

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչն այցելել է հիվանդանոց, ուր տեղափոխվել է քաղաքացին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի շենքի մուտքի մոտ քաղաքացու ինքնահրկիզման դեպքը պաշտպանի հաստատության հետ որևէ առնչություն չունի։ Նման հայտարարություն է հրապարակվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջում։

Երևանում նռնակով հարձակում կատարած տղամարդիկ եղբայրներ են․ նրանց բերման են ենթարկել

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ՄԻՊ գրասենյակի մոտ տղամարդ է ինքնահրկիզվել։ Ժամը 12։30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նրան տեղափոխել էր Այրվածքաբանության կենտրոն։

«Ինքնահրկիզվող անձի վերաբերյալ պաշտպանի աշխատակազմում որևէ տեսակի վարույթ կամ այլ ընթացակարգ առկա չէ: Դեպքի հետ կապված՝ քաղաքացուն պաշտպանի աշխատակազմից են նաև ցուցաբերել առաջնային օգնություն»,–նշում է ՄԻՊ–ը։

Ի դեպ, պաշտպանի ներկայացուցիչն այցելել է հիվանդանոց, ուր տեղափոխվել է քաղաքացին:

Այրվածքաբանական կենտրոնից Sputnik Արմենիային տեղեկացրին, որ քաղաքացին ավելի քան 50 տոկոս այրվածքներ ունի։ Նա այժմ վերակենդանացման բաժանմունքում է, ստանում է համապատասխան բուժօգնություն։