Հայկական ՀՕՊ-ը կասեցրել է ԱԹՍ-ների` ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձերը․ ՊՆ

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկարությամբ հարաբերականորեն կայուն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի - Sputnik. Հուլիսի 29-ին, ժամը 23:00-ից սկսած, ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները կասեցրել են հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում ԱԹՍ-ների` ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձեր: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Հուլիսի 29-ի երեկոյան և հուլիսի 30-ի ժամը 07:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկարությամբ հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության ներքո»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել էին սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել էին Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։

Ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, հետ են շպրտվել. ՊՆ

Հայկական կողմն ունի երեք զոհ, հինգ վիրավոր։

Հուլիսի 29-ին` ժամը 03:00-ի սահմանում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում, Քարվաճառի ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, խախտելով նախորդ օրը ձեռք բերված` կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը, կրկին դիմել էին սադրանքի ու կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ։