Ինչ սահմանափակումներ են առաջարկում գործի դնել պատվաստված չլինելու դեպքում

Առողջապահության նախարարությունը քննարկում է կազմակերպել` անդրադառնալով սահմանափակումների և պատվաստումների թեմային։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունն առաջարկում է` մի շարք հաստատություններում աշխատող կամ այնտեղ հաճախող 18 տարեկանից բարձր անձինք կա՛մ պետք է ներկայացնեն կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելը հավաստող սերտիֆիկատ, կա՛մ յուրաքանչյուր 14 օրը մեկ ներկայացնեն ՊՇՌ թեստի բացասական արդյունք, տեղեկանում ենք նախարարության ֆեյսբուքյան էջից։

Հայաստանը նաև «Sinopharm» և «Pfizer/BioNTech» պատվաստանյութեր կգնի

Այսօր կայացել է առողջապահության նախարարին կից կորոնավիրուսի դեմ պայքարի մասնագիտական հակահամաճարակային խորհրդատվական խմբի հանդիպում-քննարկումը, որին առցանց մասնակցել են նաև ՀՀ–ից դուրս աշխատող մասնագիտական խմբի անդամները:

Առաջարկվում է, որ պետական կառավարման և ՏԻՄ–երի, այլ կազմակերպությունների աշխատակիցների, ինչպես նաև հյուրանոցային ծառայությունից օգտվող 18 տարեկանից բարձր անձինք և նախնական մասնագիտական, միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ հաճախող 18 տարեկանից բարձր ուսանողները, արտադպրոցական դաստիարակության և լրացուցիչ կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններ հաճախող 18 տարեկանից բարձր սովորողները կա՛մ պետք է ներկայացնեն կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելը հավաստող սերտիֆիկատ, կա՛մ յուրաքանչյուր 14 օրը մեկ ներկայացնեն ՊՇՌ թեստի բացասական արդյունք` առավելագույնը 72 ժամ վաղեմության:

Անվճար պոնչիկ, շահումով կով, թատրոնի տոմս. ուրիշ ինչե՞ր են խոստանում պատվաստվողներին

«Ի դեպ, ՊՇՌ հետազոտությունն անձն իրականացնում է իր միջոցների հաշվին: Միաժամանակ, պատվաստվելու բժշկական հակացուցումներ ունեցող անձը կարող է ներկայացնել հակացուցումների մասին բժշկական փաստաթուղթ»,–նշված է հաղորդագրության մեջ:

Հանդիպում-քննարկմանը շեշտադրվել է նաև բնակչության շրջանում իրազեկվածության բարձրացման, փակ տարածքներում դիմակների պարտադիր դնման պահանջի, ինչպես նաև պատվաստումային գործընթացի ակտիվացման անհրաժեշտությունը:

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 264–ով և դարձել 229 867: