ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. ՀՀ արտգործնախարարությունը ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության` խաղաղ բանակցային գործընթաց վերսկսելու մոտեցումները, որոնք ներկայացված են նրանց համատեղ հայտարարության մեջ։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտին, Էնդրյու Շոֆերը և Իգոր Խովաևը երեկ հանդես էին եկել հայտարարությամբ և Հայաստանին ու Ադրբեջանին հորդորել անհապաղ նվազեցնել լարվածությունը, ձեռնպահ մնալ սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից, ամբողջությամբ կատարել իրենց պարտավորությունները նոյեմբերի 9-ի հայտարարության և հրադադարի մասին այլ պայմանավորվածությունների համաձայն։
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և համանախագահ երկրների բարձր ներկայացուցիչների նախորդ՝ մասնավորապես 2020թ․ դեկտեմբերի 3-ի և 2021թ․ ապրիլի 13-ին համատեղ հայտարարություններում հստակ ամրագրված են խաղաղ գործընթացի առաջնահերթ խնդիրները, որոնք կարող են հիմք ստեղծել բանակցությունների համար»,– նշված է ԱԳՆ–ի հայտարարության մեջ։
Ըստ գերատեսչության` համանախագահների հայտարարությունը մեկ անգամ ևս փաստում է, որ տարածաշրջանային խաղաղության և անվտանգության բանալին ղարաբաղյան հակամարտության համապարփակ և տևական կարգավորումն է։
Մայիսի 12-ից սկսած Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների ներթափանցումը և վերջին օրերին ՀՀ պաշտպանական դիրքերի վրա հարձակումները հանգեցրել են իրավիճակի սրմանը։ Հայաստանը մշտապես հանդես է եկել իրավիճակի դեէսկալացիայի դիրքերից և այս առնչությամբ կատարել է կոնկրետ առաջարկներ, մասնավորապես՝ հետ քաշել զինվորական ստորաբաժանումները մայիսի 11-ի դրությամբ առկա ելման դիրքեր։
«Վստահ ենք, որ Ադրբեջանի գործողություններին հասցեական գնահատականը կնպաստի ստեղծված պայթունավտանգ իրավիճակի հաղթահարմանը»,– նշել է ԱԳՆ–ն։
Հիշեցնենք` հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել էին սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել էին Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։
Ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, հետ են շպրտվել. ՊՆ
Հայկական կողմն ունի երեք զոհ, հինգ վիրավոր։
Հուլիսի 29-ին` ժամը 03:00-ի սահմանում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում, Քարվաճառի ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, խախտելով նախորդ օրը ձեռք բերված` կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը, կրկին դիմել էին սադրանքի ու կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ։
Հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել են ԱԹՍ-ների՝ ՀՀ օդային տարած մուտք գործելու փորձեր։
Այսօր` հուլիսի 30–ին, Խոցվել է Ադրբեջանի ԶՈւ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ, որի բեկորներն ընկել են Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղից 3.5 կիլոմետր դեպի հյուսիս։