ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում թշնամու փոխհրաձգության հետևանքով վիրավորված զինվորի առողջական վիճակը լավ է, նա վնասվածք է ստացել ուսի շրջանում։ Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։
«Մենք 1 վիրավոր ունենք, որն ուսի շրջանում է վիրավորվել, սակայն նրան արդեն վիրահատել են։ Ամեն ինչ նորմալ է։ Փոխհրաձգությունը տեղի է ունեցել գիշերը ու լուսադեմին և այն դիրքի ուղղությամբ, որտեղ երեկ թեժ մարտեր էին ընթացել»,-ասաց Սանոսյանը։
Անդրադառնալով լուրերին, թե սահմանի վերոհիշյալ հատվածում ռուս խաղաղապահներ են տեղակայված` Սանոսյանը հերքեց դրանք` այդ հատվածում ռուս խաղաղապահներ չկան։ Սակայն նրանց տեղակայման հարցի առնչությամբ որոշակի պրոցես եղել է ու կա, և որոշակի դիտարկումներ են եղել` որտեղ կարող են լինել։
Մարզպետը նշեց` չգիտի, թե քննարկումները կոնկրետ ինչ փուլում են, քանի որ չի մասնակցում դրանց, սակայն տեղյակ է, որ հենց Սոթք-Խոզնավար հատվածում խաղաղապահների տեղակայման հարց է քննարկվում։
Հիշեցնենք` հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել էին սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել էին Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը, սակայն Ադրբեջանն այսօր խախտել է պայմանավորվածությունը։
Ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, հետ են շպրտվել. ՊՆ
Հայկական կողմն ունի երեք զոհ, հինգ վիրավոր։ Նրանցից մեկն այսօր է վիրավորվել։