Ուժի կիրառումն անընդունելի է. Զասը՝ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի մասին

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը նշել է, որ Երևանն ու Բաքուն հակասությունները կարգավորելու համար պետք է բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներ օգտագործեն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի - Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը մտահոգություն է հայտնել Հարավային Կովկասում լարվածության հետագա սրման վտանգի առնչությամբ:

Իրանը պատրաստ է միջնորդ դառնալ հայ-ադրբեջանական բանակցությունների համար. Սաիդ Խաթիբզադե

«Լուրջ մտահոգություն է առաջացնում տարածաշրջանում լարվածության հետագա սրման վտանգը, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ եռակողմ ձևաչափով պայմանավորվածությունների կատարման վրա։ Այն պայմանավորվածությունների, որոնք ամրագրված են Ադրբեջանի, Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարների` 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ», - նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ մեկնաբանելով Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակը:

ՀԱՊԿ կայքում հրապարակված փաստաթղթում արձանագրվում է, որ 2021 թվականի հուլիսի 28-ի գիշերը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղի են ունեցել մարտական բախումներ, որոնց հետևանքով հայկական զինված ուժերի երեք զինծառայողներ են զոհվել, չորսը՝ վիրավորվել:

Զասը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին:

«Ուժի կիրառումն անընդունելի ենք համարում։ Հակասությունները կարգավորելու համար պետք է բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներ օգտագործվեն», – ընդգծել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

Նա ողջունել է Ռուսաստանի ջանքերը՝ ուղղված տարածաշրջանային իրավիճակի կայունացմանը։

Հիշեցնենք` հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել էին սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել էին Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։

Ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, հետ են շպրտվել. ՊՆ

Հայկական կողմն ունի երեք զոհ, հինգ վիրավոր։

Հուլիսի 29-ին` ժամը 03:00-ի սահմանում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում, Քարվաճառի ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, խախտելով նախորդ օրը ձեռք բերված` կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը, կրկին դիմել են սադրանքի ու կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ։