ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Բաց հասարակության հիմնադրամների (Սորոսի հիմնադրամ) կողմից ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունները Հայաստանի իշխանությանը հորդորում են դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին։
«Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտելու հետևանքով ստեղծված անվտանգային խնդիրները, միջազգային իրավունքի նորմերի կոպտագույն խախտումներով Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային ամբողջականությունն ամիսներ շարունակ խախտելու հանգամանքը, պարբերական կերպով զինված բախումներ հրահրելու ադրբեջանական քաղաքականությունը` նորից կոչ ենք անում ՀՀ իշխանություններին օգտվել ՄԱԿ-ի կանոնադրությամբ ընձեռնված հնարավորություններից և անհապաղ դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին՝ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի և ՀՀ տարածքային ամբողջականության խախտմամբ պայմանավորված միջազգային խաղաղության և անվտանգության սպառնալիքի առաջացման հիմքով»,– նշված է կազմակերպությունների հայտարարության մեջ։
Միաժամանակ նրանք կոչ են անում ՀՀ իշխանություններին դիմել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ)՝ Հայաստան ուղարկելու չզինված, քաղաքացիական հատուկ մոնիտորինգային առաքելություն՝ սահմանամերձ գոտիներում տիրող իրավիճակի երկարաժամկետ անաչառ և օբյեկտիվ մշտադիտարկում իրականացնելու նպատակով։ Հայտարարության մեջ նշված է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, ինչպես նաև հատուկ մոնիտորինգային առաքելություն ուղարկելու համար ԵԱՀԿ դիմումը անհետաձգելի և խիստ անհրաժեշտ քայլեր են, որոնց հապաղումը լրջորեն վնասում է Հայաստանի Հանրապետության շահերը՝ հանգեցնելով անդառնալի կորուստների։
Փաստաթղթի տակ ստորագրել են.
Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան,
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն,
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ,
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ,
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ,
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ,
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ,
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն,
Հանրային լրագրության ակումբ։
Ավելի վաղ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը հայտարարել էր, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելու համար պետք է «տնային աշխատանք կատարել»:
Հիշեցնենք` հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել էին սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել էին Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։
Ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, հետ են շպրտվել. ՊՆ
Հայկական կողմն ունի երեք զոհ, հինգ վիրավոր։
Հուլիսի 29-ին` ժամը 03:00-ի սահմանում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում, Քարվաճառի ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, խախտելով նախորդ օրը ձեռք բերված` կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը, կրկին դիմել են սադրանքի ու կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ։