Պատրաստվում ենք քննարկել սահմանին ռուս սահմանապահների հենակետեր տեղադրելու հարցը. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանի խոսքով` հայ–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների հենակետերի տեղակայումը հնարավորություն կտա առանց բախումների ռիսկի իրականացնել սահմանազատումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Ստեղծված իրավիճակը հաշվի առնելով` իմաստ ունի դիտարկել հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների հենակետերի տեղակայման հարցը։ Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների հենակետերի տեղակայումը հնարավորություն կտա սահմանազատման աշխատանքներն իրականացնել առանց ռազմական բախումների ռիսկի»,–ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` այս թեման պատրաստվում են քննարկել ռուս գործընկերների հետ։

Անդրադառնալով կոմունիկացիների թեմային` Փաշինյանը նշեց, որ Ադրբեջանը հետևողական գործողություններ է իրականացնում տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման վարկաբեկելու համար։

Սա այն մարտական դիրքն է, որը հայերը հետ են վերցրել ադրբեջանցիներից. բացառիկ լուսանկարներ

Նա հիշեցրեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ որևէ կերպ չկա «միջանցք» արտահայտությունը, չեն ընդգծվում կոնկրետ երթուղիներ, ուստի ևս մեկ անգամ շեշտեց` Հայաստանը չի՛ քննարկել, չի՛ քննարկում և չի՛ քննարկելու միջանցքային տրամաբանության ոչ մի թեմա։

Հիշեցնենք` հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել էին սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել էին Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։

Ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, հետ են շպրտվել. ՊՆ

Հայկական կողմն ունի երեք զոհ, հինգ վիրավոր։

Հուլիսի 29-ին` ժամը 03:00-ի սահմանում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում, Քարվաճառի ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, խախտելով նախորդ օրը ձեռք բերված` կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը, կրկին դիմել են սադրանքի ու կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ։