ՌԱԴԻՈ

Պատերազմը քննելու գործը իշխանությունը և ընդդիմությունը փորձում են խլել իրարից. Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Արցախյան 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցին։
Sputnik
Պատերազմը քննելու գործը իշխանությունը և ընդդիմությունը փորձում են խլել իրարից. Սուրենյանց

44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Sputnik Արմենիայի եթերում կատարեց երկու դիտարկում։ Նախ` նման հանձնաժողով կարող է ստեղծվել ԱԺ կանոնակարգի համաձայն։ Բացի այդ, Ալեն Սիմոնյանն ըստ էության բացահայտում չի արել, որովհետև նման հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին օրեր առաջ հայտարարել էր «Հայաստան» դաշինքը, հետևաբար այստեղ ավելի շատ խոսքը նախաձեռնությունն իրարից խլելու մասին։ Իսկ երկրորդ դիտարկումն այն է, որ եթե ստեղծվում է քննիչ հանձնաժողով, ապա այն սահմանափակվելու է խորհրդարանական շրջանակում։

Իշխող ուժը պատրաստ է քննել պատերազմի բոլոր խութերը. Բաղդասարյանն է վստահեցնում

«Ինձ զարմացնում է այն հանգամանքը, որ մարդը, որը հավակնում է ԱԺ նախագահի պաշտոնին, երեք տարի եղել է փոխնախագահ, նույնիսկ չի յուրացրել ԱԺ կանոնակարգ օրենքը, չգիտի, որ արտախորհրդարանական ուժերը չեն կարող ներգրավվել այդ հանձնաժողովի աշխատանքներում։ Ընդ որում` կանոնակարգով նախատեսված է, որ քննիչ հանձնաժողովը պետք է ստեղծվի պաշտպանության հարցերի հանձնաժողովի բազայի վրա, որի նախագահը պետք է դարձյալ լինի Անդրանիկ Քոչարյանը, ինչն արդեն վատ նշան է։ Նրա քաղաքական հեղինակությունն էապես սասանվեց, երբ նա Ապրիլյան քառօրյայի քննիչ հանձնաժողովի նախագահն էր իր սուբյեկտիվ մոտեցումներով և անկողմնակալության բացակայությամբ»,– նշեց քաղաքագետը։

Սուրենյանցը հիշեցնում է, որ «Մարտի 1»-ի դեպքերի առթիվ գործում էր փաստահավաք խումբ, այլ ոչ թե խորհրդարանական հանձնաժողով, որն ուներ ավելի բարձր մանդատ։ Նրա խոսքով`այն կաշխատեր ավելի արդյունավետ, եթե քաղաքական նպատակահարմարությունից ելնելով` դրա գործունեությունը չկասեցվեր ։

«2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը քաղաքական և բովանդակային առումով արժեզրկվեց, որովհետև տեղի ունեցավ 44-օրյա պատերազմը։ Թեև այդ զեկույցի առթիվ կային շահագրգիռ անձինք, որպեսզի դրանում արձանագրվեր Սերժ Սարգսյանի մեղքը։ Վերջին պատերազմն այնքան կործանարար էր ու մահաբեր, որ Ապրիլյան քառօրյային վերաբերող զեկույցն ուղղակի լուրջ չէր ընկալվի»,– նշեց քաղաքագետը։

Ապրիլյան պատերազմի մասին քննիչ հանձնաժողովի զեկույցում բացահայտումներ չկան. Մելքումյան

Սուրենյանցի կարծիքով` ավելի լավ կլիներ, որ ստեղծվեր փաստահավաք խումբ ավելի լայն լիազորություններով, որի աշխատանքներում կներգրավվեին նաև միջազգային փորձագետներ, քանզի ակնհայտ է, որ իշխանությունը իր մեղքերը փորձում է դուրս գրել խորհրդարանական ընտրությունների հաղթանակով։ Հիմա էլ մեծամասնություն ունենալով` ձգտելու է մեծամասնություն ունենալ նաև այդ հանձնաժողովում և իր ազդեցության տակ պահել գործընթացը։ Ըստ նրա` ընդդիմության համար էլ մեղավորը վաղուց հայտնի է. կողմերը փորձում են այդ հանձնաժողովով ֆորմալիզացնել իրենց սուբյեկտիվ ընկալումները։ Հետևաբար, Սուրենյանցի համոզմամբ, այս ԱԺ–ում խիստ կասկածելի է, որ հնարավոր է օբյեկտիվորեն վերհանել 44-օրյա պատերազմի հանգամանքները։              

«Այս իշխանության օրոք նպատակահարմար չէ». Գորգիսյանը` քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը հուլիսի 26-ին լրագրողների հետ զրույցում նշել էր, որ Արցախյան վերջին պատերազմի քննիչ հանձնաժողով կստեղծվի:

Սիմոնյանն ասել էր նաև, որ այդ հարցում արտախորհրդարանական ընդդիմության մասնակցությունը պետք է լինի․ հանձնաժողովի գործունեությունը չպետք է սահմանափակվի Ազգային ժողովում այսօր ներկայացված կուսակցություններով։