Ո՞վ է ճիշտ. Փաշինյանն առաջարկում է ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելություն տեղակայել սահմանին

Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Ադրբեջանի և մեր փոխադարձ մեղադրանքների իսկությունը պարզելու համար մոնիտորինգ պետք է իրականացվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Ադրբեջանի զինված ուժերը ոչ միայն շարունակում են ապօրինի մնալ ՀՀ տարածքում, այլև սադրիչ գործողություններ են իրականացնում` փորձելով վարկաբեկել ՀԱՊԿ-ը։ Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Լինելով ՀԱՊԿ–ի անդամ, որը սեպտեմբերից ստանձնելու է կազմակերպության նախագահությունը, Հայաստանը հասկանում է ՀԱՊԿ–ի համար անվտանգային սպառնալիքներ չստեղծելու իր պատասխանատվությունը։ Ես պաշտոնապես բացառում եմ ՀՀ զինված ուժերի կողմից որևէ սադրիչ գործողություն»,–ասաց Փաշինյանը։

Նա հավելեց նաև, որ Ադրբեջանի և մեր փոխադարձ մեղադրանքների իսկությունը պարզելու հարցում հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության տեղակայումը հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով։ Սա, ըստ նրա, նախատեսված է ՀԱՊԿ–ի գործունեության իրավակարգավորումներով։

Պատրաստվում ենք քննարկել սահմանին ռուս սահմանապահների հենակետեր տեղադրելու հարցը. Փաշինյան

Փաշինյանը հավելեց` եթե ՀԱՊԿ–ի առաքելության շրջանակներում դա հնարավոր չլինի իրականացնել, ապա Հայաստանի համար կարող են լինել միջազգային այլ ընդունելի ֆորմատներ` ներառյալ Մինսկի խմբի շրջանակում։

Վարչապետի պաշտոնակատարն իր խոսքն ամփոփեց` ասելով, որ ՀՀ կառավարությունը պատրաստվում է ձեռնարկել բոլոր միջոցները տարածաշրջանի անվտանգությունն ու խաղաղությունն ապահովելու համար։

Հիշեցնենք` հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել էին սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել էին Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։

Ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, հետ են շպրտվել. ՊՆ

Հայկական կողմն ունի երեք զոհ, հինգ վիրավոր։

Հուլիսի 29-ին` ժամը 03:00-ի սահմանում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում, Քարվաճառի ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, խախտելով նախորդ օրը ձեռք բերված` կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը, կրկին դիմել են սադրանքի ու կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ։