ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Իրանը պատրաստ է միջնորդել հայ-ադրբեջանական բանակցությունների համար: Նման հայտարարություն է արել Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն։
«ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման համար ցանկացած օգնություն ցուցաբերելու` Իրանի պատրաստակամության մասին», - հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը:
Նա նաև նշել է, որ երկու երկրներին անհրաժեշտ է հնարավորինս շուտ դադարեցնել սրումն ու բախումները և Հարավային Կովկասում հասնել հրադադարի:
«Խաթիբզադեն մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի ուժերի միջև սահմանային հակամարտության շարունակման կապակցությամբ, ափսոսանք է հայտնել սպանվածների, վիրավորվածների կապակցությամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել էին սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել էին Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։
Ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, հետ են շպրտվել. ՊՆ
Հայկական կողմն ունի երեք զոհ, հինգ վիրավոր։
Հուլիսի 29-ին` ժամը 03:00-ի սահմանում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում, Քարվաճառի ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, խախտելով նախորդ օրը ձեռք բերված` կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը, կրկին դիմել են սադրանքի ու կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ։