Իրադրությունը հայ–ադրբեջանական սահմանագծի երկարությամբ չի կայունանում. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանի խոսքով` Ադրբեջանն իր բոլոր գործողություններով փորձում է խափանել երկխոսության որևէ տրամաբանություն
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Ի հեճուկս ՀՀ–ի և միջազգային հանրության գործադրած ջանքերի` իրադրությունը հայ–ադրբեջանական սահմանագծի երկարությամբ չի կայունանում։ Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ հռետորաբանությամբ գործողությունների գործադրությունը, միևնույն ժամանակ անպատասխան թողնելով իրադրության քաղաքական և երկարաժամկետ կարգավորմանն ուղղված միջազգային հանրության բոլոր առաջարկները»,–ասաց Փաշինյանը։

Նա հիշեցրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ապրիլի 13-ի հայտարարությունը, որով նրանք կողմերին կոչ են անում առաջին հնարավորության դեպքում վերսկսել քաղաքական երկխոսությունը։ Փաշինյանը շեշտեց` մինչ օրս Ադրբեջանը չի արձագանքել այս կոչին, մինչդեռ ՀՀ–ն բազմիցս ընդգծել է իր պատրաստակամությունը ցանկացած պահի վերսկսելու բանակցությունները։

Սա այն մարտական դիրքն է, որը հայերը հետ են վերցրել ադրբեջանցիներից. բացառիկ լուսանկարներ

Փաշինյանի խոսքով` Ադրբեջանն իր բոլոր գործողություններով փորձում է խափանել երկխոսության որևէ տրամաբանություն, խափանում է նաև նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի համաձայնագրերի իրականացումը։

Նա հավելեց, որ մինչ օրս Ադրբեջանում շարունակվում են հայ գերիների շինծու դատավարությունները, ինչի հետևանքով նրանք երկար տարիների ազատազրկումների են դատապարտվում։

Փաշինյանի խոսքով` պետք է ուշադրություն դարձնել այն փաստի վրա, որ վերջին շրջանում գրեթե բոլոր դատապարտվածները գերեվարվել են նոյեմբերի 9-ից հետո խաղաղապահների պատասխանատվության գոտիներում։

«Ադրբեջանը մինչ օրս չի ստորագրել խաղաղապահների մանդատը։ Ուստի ակնհայտ է, որ սա խաղաղապահների, այսինքն` ԼՂ–ում խաղաղության և կայունության դեմ իրականացվող գործողությունների շարք է»,–ասաց նա։

Հիշեցնենք` հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել էին սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել էին Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։

Ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, հետ են շպրտվել. ՊՆ

Հայկական կողմն ունի երեք զոհ, հինգ վիրավոր։

Հուլիսի 29-ին` ժամը 03:00-ի սահմանում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում, Քարվաճառի ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, խախտելով նախորդ օրը ձեռք բերված` կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը, կրկին դիմել են սադրանքի ու կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ։