ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Հայաստանը կորոնավիրուսի դեմ «Sinopharm» (Չինաստան) և «Pfizer/BioNTech» (Գերմանիա-ԱՄՆ-Չինաստան) պատվաստանյութեր կգնի։ Այսօր կառավարության նիստում որոշվեց 3 մլրդ 459 մլն դրամ տրամադրել պատվաստանյութերի գնման համար։
Այս պատվաստանյութերը գնելուց հետո բնակչության ընդհանուր թվում պատվաստվող անձանց տեսակարար կշիռը կավելանա ևս 10%-ով (500000 դեղաչափ, 250000 անձ` 2 դեղաչափով):
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երաշխավորել է նշված պատվաստանյութերի կիրառումը արտակարգ իրավիճակների ժամանակ, ընդ որում` «Sinopharm» ընկերության պատվաստանյութը կիրառելի է նաև 3-17 տարեկան անձանց համար։
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը կառավարության նիստում հայտնեց, որ այս պահին 163 000 քաղաքացի է պատվաստվել։
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ շնորհակալություն հայտնեց Վրաստանի կառավարությանը, որը Հայաստանին 50 000 պատվաստանյութ է փոխանցել։ Բացի այդ, Լիտվան է 27 000 դեղաչափ պատվաստանյութ տրամադրել Հայաստանին։
Լիտվան «AstraZeneca» պատվաստանյութ կնվիրի Հայաստանին
Հայաստանում այս պահին կորոնավիրուսի դեմ պատվաստման նպատակով օգտագործվում են ռուսական «Սպուտնիկ V», բրիտանա-շվեդական «AstraZeneca» և չինական «Coronavac » պատվաստանյութերը։
233 նոր դեպք, 7 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում