«Ձգձգվող խաղ է». քաղաքագետը` «Հյուսիսային հոսք–2»-ի վերաբերյալ վերջնագրի մասին

Հանրապետական սենատորների խումբը «Հյուսիսային հոսք–2»–ի պատճառով վերջնագիր է ներկայացրել ԱՄՆ ֆինանսների նախարարությանը և Սպիտակ տանը: Քաղաքագետ Դմիտրի Սոլոննիկովն իրավիճակի վերաբերյալ տեսակետ է հայտնել Sputnik ռադիոկայանի եթերում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Spunik. ԱՄՆ 12 հանրապետական սենատորներից բաղկացած խումբը վերջնագիր է ներկայացրել ԱՄՆ ֆինանսների նախարարությանն ու Սպիտակ տանը` պահանջելով նոր պատժամիջոցներ կիրառել «Հյուսիսային հոսք–2»–ի նկատմամբ։ Նրանց նամակից հատվածներ է հրապարակել «Bloomberg» գործակալությունը։

Եվ ժողովուրդը սկսեց հիասթափվել նրանից. «Հյուսիսային հոսք-2»–ի թշնամին պարտվում է ԳԴՀ–ում

««Հյուսիսային հոսք» գազատարն անմիջական վնաս է հասցնում Միացյալ Նահանգների, ինչպես նաև մեր դաշնակիցների և գործընկերների ազգային անվտանգության շահերին։ Եթե ավարտին հասցվի, այդ նախագիծը կբարձրացնի Վլադիմիր Պուտինի` Եվրոպայի նկատմամբ կործանարար ազդեցությունը, կապակայունացնի Ուկրաինայի փխրուն անվտանգությունն ու կնպաստի Ռուսաստանի հետագա ագրեսիային», – ասվում է ուղերձում։

«Հյուսիսային հոսք-2». ավարտին հասցնե՞լ, թե՞ միլիարդներ թաղել ծովի տակ

Հանրապետական սենատորները սպառնում են արգելափակել ֆինանսների նախարարությունում երկու թեկնածուների սպասվող նշանակումը, եթե Սպիտակ տան վարչակազմն իր դիրքորոշումը չփոխի գազատարի վերաբերյալ և նախագծի նկատմամբ նոր պատժամիջոցներ չկիրառի։

Երեկ գազատարի օպերատոր Nord Stream2 AG–ին հայտարարել էր, որ այն 99%–ով պատրաստ է։

Քաղաքագետ, Ժամանակակից պետական զարգացման ինստիտուտի տնօրեն Դմիտրի Սոլոննիկովը Sputnik ռադիոկայանի եթերում ասել է, որ ռուսական նախագծին դիմակայելը ներքաղաքական պայքարի գործիք է դարձել։

«Հյուսիսային հոսք-2»-ին վերջին ճակատամարտն է հայտարարվել

«Սա ձգձգվող խաղ է։ Եվ մենք տեսնում ենք` ինչպես են այսօր տեղերով փոխվել դեմոկրատներն ու հանրապետականները. այժմ դեմոկրատները պետք է պաշտպանեն իրենց դիրքորոշումը, ապացուցեն, որ իրենք «Կրեմլի գործակալներ» չեն, ինչում նրանք ավելի վաղ մեղադրում էին հանրապետականներին։ Ստացվում է, որ հիմա իրենք են «գործակալները»։ Իսկ որ ԱՄՆ–ի ներսում տարբեր դիրքորոշումներ կան, և միայն նախագահը չէ, որ որոշում է երկրի ապագան, հայտնի բան է։ Այդ դիրքորոշումների հեղինակները ճնշման տարբեր գործողություններ են կիրառելու, և դա կպահպանվի մինչև «Հյուսիսային հոսք–2»-ը վերջնականապես չկառուցվի և չգործարկվի։ Բայց այն գործարկվելու է շատ շուտով` խաղը հենց դրանում է։ Այդ իսկ պատճառով ֆինանսների նախարարությունում թեկնածուների նշանակման հարցը կձգձգեն։ Սա Միացյալ Նահանգներում ազդեցություն ունենալու համար մղվող պայքար է», –նշել է Դմիտրի Սոլոննիկովը։

Հիշեցնենք` «Հյուսիսային հոսք–2» գազատարը նախատեսված է երկու զուգահեռ խողովակաշարերով ռուսական գազը Բալթիկ ծովով Գերմանիա հասցնելու համար։ Այն «Հյուսիսային հոսք–1» գազատարի կրկնօրինակն է։ Ունի տարեկան հիսունհինգ մլրդ մ3 թողունակություն։ 

Կհետևեն «Մոսկվայի վարքին»․ գերմանացիները կկանգնեցնե՞ն «Հյուսիսային հոսք–2»-ը