Դատապարտում ենք էսկալացիան. ԱՄՆ–ն կոչով դիմել է Հայաստանին ու Ադրբեջանին

ԱՄՆ պետքարտուղարությունը Հայաստանին ու Ադրբեջանին հորդորում է հնարավորինս շուտ վերադառնալ առարկայական բանակցությունների։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Ամերիկայի Միացյալ Նահանգները դատապարտում է Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանին բռնությունների վերջին էսկալացիան։ Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսի հայտարարության մեջ, որը հրապարակել է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը։

Սա այն մարտական դիրքն է, որը հայերը հետ են վերցրել ադրբեջանցիներից. բացառիկ լուսանկարներ

«Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին պահպանել հրադադարի իրենց հանձնառությունները՝ անհապաղ քայլեր ձեռնարկելով իրավիճակի դեէսկալացիայի ուղղությամբ»,– նշել է Փրայսը։

Ըստ ԱՄՆ պետքարտուղարության` շարունակվող լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին ընդգծում է, որ միայն համապարփակ կարգավորմամբ, որը կներառի դեռևս չլուծված բոլոր հարցերը, հնարավոր կլինի նորմալացնել հարաբերությունները երկու երկրների միջև և տարածաշրջանի մարդկանց հնարավորություն տալ միմյանց հետ խաղաղ ապրել։ Միացյալ

Նահանգները հորդորում է Հայաստանին և Ադրբեջանին հնարավորինս շուտ վերադառնալ առարկայական բանակցությունների ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ հասնելու հակամարտության տևական քաղաքական կարգավորման։

Հիշեցնենք` հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել էին սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել էին Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։

Ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, հետ են շպրտվել. ՊՆ

Հայկական կողմն ունի երեք զոհ, չորս վիրավոր։

Հուլիսի 29-ին` ժամը 03:00-ի սահմանում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում, Քարվաճառի ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, խախտելով նախորդ օրը ձեռք բերված` կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը, կրկին դիմել են սադրանքի ու կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ։