Որդու գերեզմանից Երևան վերադառնալիս վթարի է ենթարկվել Արցախում զոհված Դավիթ Այդոևի մայրը

Հերոս զինվորի մոր վիճակը ծանր է, նրան սպասում է բարդ վիրահատական միջամտություն։ Դավիթը տիկին Լալիի միակ զավակն էր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Այսօր որդու գերեզմանից Երևան վերադառնալիս Ապարան քաղաքի տարածքում վթարի է ենթարկվել Արցախում նահատակված հերոս Դավիթ Այդոևի մայրը` տիկին Լալին: Այս մասին Facebook–ի իր էջում տեղեկացնում է «Եզդիների տուն» նախաձեռնության ղեկավար Այսեր Իսայանը:

Նրա խոսքով`տիկին Լալին ծանր վիճակում` ողնաշարի բազմաթիվ կոտրվածքներով, Էրեբունի ԲԿ Է տեղափոխվել։

«Տիկին Լալիին սպասում է բարդ վիրահատական միջամտություն։ Նշեմ, որ Դավիթը տիկին Լալիի միակ զավակն էր»,– հայտնում է Իսայանը:

Հիշեցնենք, որ Դավիթ Այդոևն ազգությամբ եզդի էր։ Ծնվել է 2000թ–ի օգոստոսի 10–ին Սպիտակ քաղաքում, բայց մանկուց ապրել է Երևանում։ Սովորել է Հայ–մերիկյան բժշկական քոլեջում։ Զբաղվել է թեթև աթլետիկայով։ Ծառայության էր անցել Ջաբրայիլում։

«Մամ, մինչև չգնամ, կռիվը չի վերջանա». Եռաբլուրում հետմահու պարգևատրեցին Հայկազ Մկրտչյանին

Արցախյան 44–օրյա պատերազմի օրերին հրամանատարի վիրավորվելուց հետո Դավիթն է ստանձնել պատասխանատուի դերը, կարողացել ճիշտ կողմնորոշվելու շնորհիվ գրագետ գործողություններ կազմակերպել ու գրավել հակառակորդի երկու դիրք: Այդ դիրքերից մեկն էլ իր պատվին է կոչվել՝ Այդոևի բլուր։ Դավիթը զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 5–ին։

ՊԲ N պաշտպանական շրջանի 7-րդ հրաձգային վաշտի ողջ կազմը հետմահու պարգևների է արժանացել