ՄԻՊ–ն այցելել է զինվորական հոսպիտալ և տեսակցել Գեղարքունիքում վիրավորված զինծառայողներին

Ադրբեջանական զինծառայողները Գեղարքունիքում կիրառել են տարբեր տրամաչափի զինատեսակներ, այդ թվում՝ ականանետներ, դիպուկահար հրացաններ, գնդացիրներ և այլն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են զինվորական հոսպիտալ և տեսակցել Գեղարքունիքի մարզի Սոթքից մինչև Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի հրահրած կրակոցներից վիրավորում ստացած զինծառայողներին: Տեղեկությունը Facebook–ի էջում հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Նշվում է, որ այցի ընթացքում տեղի են ունեցել առանձնազրույցներ: Զինծառայողները տեղեկացրել են, որ ադրբեջանական զինված ուժերը վերջին օրերին կրակոցներ են արձակում հայկական դիրքերի և մոտակա գյուղերի ուղղությամբ, հայտնել են նաև, որ հուլիսի 28-ին՝ ժամը 03:40-04:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմի կրակոցներն ավելի ինտենսիվ են դարձել:

Ընդ որում, ադրբեջանական զինծառայողները կիրառել են տարբեր տրամաչափի զինատեսակներ, այդ թվում՝ ականանետներ, դիպուկահար հրացաններ, գնդացիրներ և այլն:

«Ադրբեջանական զինծառայողները թիրախավորել են հայկական դիրքերի հարևանությամբ գտնվող քաղաքացիական բնակավայրերը` Գեղարքունիքի գյուղերը, որոնց պաշտպանության արդյունքում էլ հայ զինծառայողները ստացել են տարբեր վիրավորումներ»,–գրում է պաշտպանը:

Այցի ընթացքում ուսումնասիրվել են վիրավորում ստացած զինծառայողների բժշկական փաստաթղթերը, նրանց առողջական վիճակը քննարկվել է հոսպիտալի բուժանձնակազմի հետ: Զինծառայողները ստացել են տարբեր վիրավորումներ (ուսահոդի, դեմքի, ազդրի և այլն), չորս զինծառայողներից մեկի վիճակը բժիշկները գնահատել են թեթև ծանրության, երկուսինը՝ միջին, մյուսինը՝ ծանր:

Սա այն մարտական դիրքն է, որը հայերը հետ են վերցրել ադրբեջանցիներից. բացառիկ լուսանկարներ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ամփոփվում են հավաքագրված տեղեկությունները: Զինծառայողների առողջական վիճակը Պաշտպանի աշխատակազմի անմիջական ուշադրության ներքո է:

Այսօր ավելի վաղ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել էր, որ ադրբեջանական իշխանությունները գործում են միջազգային կանոնների բացահայտ խախտումներով և պատասխանատվություն են կրում Գեղարքունիքում այսօր ՀՀ 3 զինծառայողներին սպանելու համար:
Հիշեցնենք` հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։

Ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, հետ են շպրտվել. ՊՆ

Հայկական կողմն ունի երեք զոհ, չորս վիրավոր։