Անվճար պոնչիկ, շահումով կով, թատրոնի տոմս. ուրիշ ինչե՞ր են խոստանում պատվաստվողներին

Sputnik Արմենիայի սյունակագիր Արմեն Դուլյանը ներկայացրել է, թե տարբեր երկրներում ինչ խրախուսական միջոցներ են կիրառում կորոնավիրուսի դեմ պատվաստումը խթանելու համար։
Sputnik
Անվճար պոնչիկ, շահումով կով, թատրոնի տոմս. ուրիշ ինչե՞ր են խոստանում պատվաստվողներին

Եկեք անկեղծ լինենք։ Շատերը հեգնական ժպիտով արձագանքեցին, երբ Հայաստանի առողջապահության նախարարի պաշտոնակատարը հայտնեց, որ պատվաստվածների համար պարգև է սահմանվելու. թանգարանի ու օպերայի անվճար տոմսեր են խաղարկվելու։ Համաձայնեք՝ ժպիտի հեգնական երանգը մի քանի շատ կոնկրետ հիմնավորում ունի։

Նախ, ուրեմն դուք՝ բարձրաստիճան պաշտոնյաներդ, հսկայական պարգևավճարներ եք ստանում` հերիք չի, այս նոր պատգամավորների ծախսերի փոխհատուցումն էլ դարձրել եք 250 հազար դրամ՝ հանրապետության միջին աշխատավարձից բարձր, իսկ մեզ ընդամենը թատրոնի տոմսո՞վ եք ուզում գայթակղել։ Ու բոլորովին այդպես չի, որ գնամ պատվաստվեմ, հենց տեղում էլ տոմսը ստանամ, դրա համար դեռ պետք է վիճակահանությանը մասնակցեմ։ Համ էլ, այդ ո՞ւր եք ինձ ուղարկում՝ օպե՞րա, որտեղ վարակվելու հավանականությունը մեծ է, ինչպես բոլոր մարդաշատ վայրերում։ Շատ շնորհակալ եմ։

«Հայաստանում շրջանառվում է կորոնավիրուսի «Դելտա» շտամը». Անահիտ Ավանեսյան

Բայց մյուս կողմից մարդ մտածում է՝ բա ի՞նչ անի այս, մեղմ ասած, ոչ այնքան հարուստ պետությունը, որը կարող է ասել նույնը, ինչ իրենց արտագրած ձեռագրերի լուսանցքում փաստում էին միջնադարյան գրիչները. «Զի կար մեր այս էր». սա է այն ամենը, ինչ ի զորու ենք անելու մի հասարակությունում, որը բոլորովին հակված չէ սրսկվելու։ Խոստովանենք՝ օր ու գիշեր գանգատվում ենք իշխանություններից, բայց գոնե այս հարցում նրանք էլ մեզնից դժգոհելու իրավունք ունեն՝ մինչև այժմ Հայաստանում պատվաստվել է բնակչության մոտ 6 տոկոսը, այնինչ պետություններ կան, որտեղ վաղուց արդեն այդ ցուցանիշն անցել է 50 տոկոսից, և նրանք կամաց-կամաց մոտենում են բաղձալի մակարդակին, երբ հնարավոր կլինի պնդել՝ առնվազն այս երկրի ժողովուրդը ձեռք է բերել կոլեկտիվ իմունիտետ։

Մենք հնդիկների ու գերմանացիների հետ գործ չունենք, մեր պատգամավորը պետք է լավ ապրի

Չմոռանանք նաև, որ մեր իշխանությունները, որքանով հայտնի է, այնուամենայնիվ չմտրակեցին մեզ։ Տեսե՛ք։ Պատվաստումը խթանելու երկու հայտնի ձև կա՝ մտրակ և քաղցրաբլիթ։ Մտրակը, բնականաբար, պատիժն է, թեև այդ հանգամանքը միշտ փորձում են կոծկել։ Օրինակ` երբ այն ընկերությունում, որտեղ դուք աշխատում եք, ձեզ շատ սիրալիր տոնով ամեն օր համառորեն հորդորում են պատվաստվել, և դուք վրդովված ասում եք՝ բայց դուք իրավունք չունեք ճնշում գործադրելու իմ նկատմամբ, ձեզ նույնքան սիրալիր բացատրում են՝ ընդհակառակը, մենք  ձեզ ընտրելու հնարավորություն ենք տալիս՝ կա՛մ պատվաստվեք, կա՛մ էլ կարող եք հանգիստ փնտրել այլ աշխատանք։ Ի՞նչ ճնշման մասին է խոսքը։

Ինչևէ, մտրակը իրեն ոչ միայն չարդարացրեց, այլև որոշ դեպքերում խրտնեցրեց մարդկանց, որովհետև առավել կասկածամիտների համար սա լրացուցիչ փաստարկ էր. «Եթե ստիպում են, ուրեմն իսկապես ինչ-որ բան այն չէ»։ Ու չաշխատող մտրակը հետզհետե իր տեղը զիջեց համով քաղցրաբլիթին՝ պոնչիկին։ Այո-այո, ամերիկյան «Քրիսփի քրիմ» ցանցը դեռ գարնանը հայտարարեց՝ եթե պատվաստվել եք, ամեն օր կստանաք մեկ անվճար պոնչիկ։ Վերջերս ընկերությունը հայտնեց՝ մարտից ի վեր ավելի քան մեկուկես միլիոն անվճար պոնչիկ ենք բաժանել։ 

«Հաշվապահի քույրը հո չի՞ խաբում…». ահա թե ինչու են մարդիկ խուսափում պատվաստվելուց

Թաիլանդում կով են բաժանում։ Այդ երկրի նահանգներից մեկում ամեն շաբաթ մի քանի պատվաստված բնակիչ ընտանի կենդանի է նվեր ստանում, որն ի դեպ կարող են վաճառել. կովը Թաիլանդում բավական թանկ արժե։ Իհարկե, կան շատ ավելի արժեքավոր պարգևներ։ Օրինակ` «Յունայթեդ էյրլայնզ» ամերիկյան ավիաընկերության վիճակախաղով կարող եք շահել կլոր տարին այդ ընկերության ինքնաթիռներով աշխարհով մեկ անվճար երթևեկելու իրավունք։ Իսկ Օհայո նահանգում կազմակերպություններից մեկը երիտասարդներին առաջարկում է պատվաստման դիմաց վճարել նրանց ուսման վարձը։ Իհարկե՝ մրցույթը շահելու դեպքում։ 

Սակայն մասնագետները զգուշացնում են, որ զանազան բոնուսները առանձին դեպքերում կարող են նաև վնասել, այսպես ասած, պատվաստման գործին։ Խոսքը մարդկային հոգեբանության մասին է։ Քաղաքացին սովորում է, որ գրեթե ոչինչ չանելով՝ ընդամենը համաձայնելով պատվաստանյութի մի բաժին ընդունել, ինչն ի դեպ հենց իր սեփական շահերից է բխում, ինքը դրա դիմաց պետք է անպայման ինչ-որ նվեր ստանա, և ասում է՝ մինչեւ պարգևս չտաք, չեմ էլ ներարկվի։ Այսինքն՝ վաղը գնում եմ Հյուսիսային պողոտա և այնտեղ տեղակայված պատվաստման կետի աշխատակիցներին հարցնում եմ. «Բա կովս որտե՞ղ է, կով չե՞ք տալիս, ցտեսություն»։

Պատվաստման թվային անձնագրերը և Հայաստանի խայտառակ ցուցանիշը. կորոնավիրուսային ամառ

Այնուամենայնիվ, լավատես լինենք ու հուսանք, որ հակառակն էլ կարող է կատարվել՝ անվճար տոմսով թանգարաններից մեկն այցելելուց հետո մարդու մոտ պարբերաբար տարբեր թանգարաններ տեսնելու սովորույթ կձևավորվի։ Ու ոչ միայն ողջ կյանքում կմնա, այլեւ երեխաներին էլ կփոխանցվի։