Ստեփանակերտում առաջիկայում շահագործման կհանձնվի նոր ծննդատունը

Պատերազմի օրերին ռմբակոծված ծննդատունը պետական և բարեգործական ներդրումների շնորհիվ նոր սարքավորումներով հագեցված կլինի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Ստեփանակերտում առաջիկայում շահագործման կհանձնվի նոր ծննդատունը: Տեղեկությունը հայտնում է Արցախի կառավարությունը` հավելելով, որ Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանն այցելել է Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն։

2021 թվականին Ստեփանակերտի ծննդատանն արդեն 11 փոքրիկ է ծնվել, մեկն իսկական հսկա է

«Թեպետ 44-օրյա պատերազմի ընթացքում ծննդատան նոր մասնաշենքին լուրջ վնասներ են հասցվել, սակայն դա չի փոխել կառավարության մոտեցումները: Մենք պատրաստվում ենք պետական և բարեգործական ներդրումների շնորհիվ նոր սարքավորումներով և ենթակառուցվածքներով արդիական ծննդատուն ունենալ»,–ասել է Բեգլարյանը։

Նրա խոսքով` սկզբունքային հարց է նաև բուժաշխատողների վարձատրության համակարգը խթանող ու մրցակցային դարձնելը, որի շուրջ նախնական մշակումներ են եղել։ Բեգլարյանը վստահեցրել է` ոչինչ չեն խնայելու արդյունավետ առողջապահության համակարգ ունենալու համար գրավիչ միջավայր և անհրաժեշտ պայմաններ ստեղծելու հարցում:

Իր հերթին Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանն էլ կարևորել է մատուցվող ծառայությունների որակի շարունակական բարձրացումը, էլեկտրոնային բժշկության համակարգի ներդրումը։ Նա նշել է, որ առաջիկայում նախատեսվում են ծրագրային լուրջ բարեփոխումներ:

Սամվել Կարապետյանը խոստանում է վերակառուցել Ստեփանակերտի ծննդատունը

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական կողմը թիրախավորում էր նաև ենթակառուցվածքները, բժշկական կենտրոնները, դպրոցներն ու մանկապարտեզները։ Հարվածների հետևանքով ավերվել էր Ստեփանակերտի ծննդատունն ու դրա հարևանությամբ գտնվող հիվանդանոցը։