ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մեկ տարում 61 մլրդ դրամ է հատկացվել արցախցիներին, սյունեցիներին և զինվորականներին։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյանը։
«51 մլրդ հատկացվել է արցախցիների կարիքների համար՝ տրվել են միանվագ 68 հազարական դրամներ բոլոր արցախցիներին, իրենց տունը կորցրածներին՝ 300 հազար, վնասված տան դեպքում՝ 250 հազար, մինչև 5 տարեկան երեխաներին՝ 20 հազար, սեպտեմբերից նոյեմբերի եկամտահարկերը, էլեկտրաէներգիայի, գազի, ջրի վարձերը իր վրա վերցրել է պետությունը», - ասել է Գալստյանը։
Հայաստանում Արցախի օպերատիվ շտաբի ղեկավարի տեղակալ Սասուն Սավադյանի խոսքով՝ աշխատանքի ընդունված մոտ 300 արցախցու պետությունը ամսական վճարում է 100 հազար դրամ՝ որպես աշխատավարձ և ուսուցման գումար։
Սոցապնախարարության ինտեգրված սոցիալական ծառայությունների բաժնի պետ Արտակ Հարությունյանն էլ նշեց, որ մոտ 52 մլն դրամ տրվել է 120 սյունեցիների։
«ՀՀ տարածքում հակառակորդի գործողությունների հետևանքով անշարժ գույքը վնասվելու վերաբերյալ դիմումներ ստացվել են միայն Սյունիքի մարզից, փոխհատուցվել է 52 մլն դրամ», - ասաց նա։
Զինվորականներին և նրանց ընտանիքներին տրվող միանվագ գումարները նույնպես նշվեցին` զոհվածների ընտանիքներին` հինգ մլն–ական դրամ, առաջին կարգի հաշմանադամություն ձեռք բերած զինվորականներին՝ երեք մլն, երկրորդ կարգի հաշմանդամություն ձեռք բերածներին՝ երկու մլն, երրորդի դեպքում՝ մեկ մլն, հաշմանդամ դարձած երեխաներին՝ երեքական մլն, գերիների և անհետ կորածների ընտանիքներին՝ մեկական մլն։
Թեթև վիրավորում ստացած կամ հոգեկան խնդիր ձեռք բերած զինվորականներից յուրաքանչյուրին տրվել է 500 հազար դրամ։
Պատերազմ, սոցիալական խնդիրներ․ հրապարակվել է Արցախի ՄԻՊ-ի 2020թ. տարեկան հաղորդումը