ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ջաբրայիլի շրջանի (Մեխակավան) Մեդիլի գյուղի տարածքում ականի վրա պայթել է Ադրբեջանի ականազերծման գործակալության (ANAMA) մասնագետը։ Տեղեկությունը տարածել են ադրբեջանական լրատվամիջոցները, որոնք հղում են անում տեղի գլխավոր դատախազությանը։
Միջադեպը տեղի է ունեցել այսօր` հուլիսի 27-ին։ Ականի վրա պայթածը` Բահրուզ Տապտիգ օղլին, այդ գյուղ էր գործուղվել ականազերծման աշխատանքների նպատակով։ Պայթյունի հետևանքով տղամարդը մարմնական բազմաթիվ վնասվածքներ է ստացել։
Ադրբեջանի ոստիկանության մամուլի ծառայությունից էլ հայտնել են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, փաստի առթիվ հետաքննություն է ընթանում:
Հերթական ադրբեջանցին է պայթել ականի վրա. դեպքը տեղի է ունեցել Ֆիզուլիում
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին նույնպես Ադրբեջանի քաղաքացիներից մեկը Գյոյգյոլի շրջանում պայթել էր ականի վրա։ Տղամարդը մահացել էր։
44-օրյա պատերազմից հետո պարբերաբար տեղեկություններ են հրապարակվում, որ ականների վրա ադրբեջանցիներ են պայթել։
Բաքվի տվյալներով` այս ընթացքում մոտ 30 մարդ է մահացել։