ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik․ Աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ճապոնիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ մեր ապագան ուժեղ Հայաստան կառուցելն է, իսկ ուժեղ Հայաստանը նաև տեխնոլոգիապես զարգացած Հայաստանն է։
«Ճապոնիա այցիս նպատակներից մեկն էլ տեխնոլոգիական ոլորտում համաշխարհային առաջատար ընկերությունների հետ հանդիպումներն են։ Հայաստանն ու Ճապոնիան կարող են աշխատել իրար հետ հատկապես բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Հույս ունեմ, որ ճապոնական ընկերությունները կմասնակցեն Հայաստանի տեխնոլոգիական զարգացման գործընթացին», - ասել է նա։
Նախագահը նաև պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին, ընդգծել է սփյուռքի կարևոր դերը։
Արմեն Սարգսյանը մասնակցել է Ճապոնիայի կայսեր կազմակերպած ընդունելությանը և զրուցել նրա հետ
«Ամեն ինչ պետք է անենք, որպեսզի ցանկացած հայ, անկախ նրանից, թե որտեղ է ապրում, հնարավորություն ունենա իր ցանկությամբ ծառայել հայրենիքին, և որևէ պատնեշ չպետք է լինի։ Ուզում եմ հուսալ, որ ապագայում ձեզնից յուրաքանչյուրը Հայաստանի մասին կսկսի մտածել՝ որպես երկրի, որտեղ ինքն իրեն ապահով է զգում, որի հետ կապում է իր ու իր երեխաների ապագան», - ասել է նա։
Նշենք, որ Արմեն Սարգսյանը Տոկիոյում մասնակցել է Օլիմպիադայի բացմանը և խաղերին, հանդիպել Yamaha ընկերության հետ։