Շիրակի մարզի 2 դպրոցում ԱԱԾ–ն կոռուպցիոն հանցագործություններ է բացահայտել. մանրամասներ

Ընդհանուր առմամբ պետությունից կեղծիքի միջոցով հափշտակվել է 41.800.000 ՀՀ դրամ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի - Sputnik.ՀՀ ազգային անվտանգության ծառայության բացահայտել է Շիրակի մարզպետարանի ենթակայությամբ գործող «Արթիկի թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում և Գյումրու համայնքապետարանի «Սամբո-ձյուդոյի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ում պաշտոնեական կեղծիքներ կատարելու և առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր շուրջ 41.800.000 ՀՀ դրամ հափշտակելու դեպքեր:

ԱԱԾ-ն կապ չի ունեցել ուժեղացված ծառայության հետ. պարզաբանում

Մասնավորապես, ՀՀ Շիրակի մարզպետարանի ենթակայությամբ գործող «Արթիկի թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենը, նախնական համաձայնության գալով դպրոցի հաշվապահի հետ՝ 2012-2019 թվականների ընթացքում ընդհանուր թվով 9 անձի հրամանագրել են տարբեր հաստիքներում և նրանց աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու պայմաններում ներկայացրել են վճարման, որի արդյունքում աշխատավարձ վճարելու նպատակով Շիրակի մարզպետարանի գույքային ֆոնդից նշված անձանց անվամբ անհիմն կարգով ելքագրվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 23․800․000 ՀՀ դրամ գումար։

Մեկ այլ քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2001-2019 թվականների ընթացքում Գյումրու համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Սամբո-ձյուդոյի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը  զբաղեցնող անձինք, նախնական համաձայնության գալով նույն կազմակերպության հաշվապահի հետ, տարբեր հաստիքներում որպես աշխատակիցներ հրամանագրել են ընդհանուր թվով 10 անձի և յուրացրել 18․000․000 ՀՀ դրամ գումար:

ԱԱԾ–ն բացահայտել է մի խումբ պաշտոնատար անձանց կատարած հանցագործությունները

Հիշյալ դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգության քննչական դեպարտամենտում հարուցվել են քրեական գործեր ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական կեղծիք) և ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը) նախատեսված հանցագործությունների հատկանիշներով:

Ձեռնարկվում են ակտիվ քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ նշված կազմակերպություններում կոռուպցիոն մեխանիզմն ամբողջությամբ բացահայտելու, պետությանն ու համայնքին պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ:

ՊԵԿ պաշտոնատար անձինք կաշառք են պահանջել խախտումները չնկատելու համար. ԱԱԾ