ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik.Հայաստանն ակտիվ քննարկումների մեջ է «Moderna» պատվաստանյութ գնելու կամ նվիրատվություն ստանալու հարցով։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը, որն այցելել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիմնանորոգված ԲԿ։
««Moderna» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Նուբար Աֆեյանի հետ ունեցանք աշխատանքային բավական պրոդուկտիվ հանդիպում։ Քննարկեցինք թե՛ ՀՀ–ի կողմից իրականացվող բանակցություններն ԱՄՆ կառավարության հետ, թե՛ հարցը, թե ինչ ջանքեր պետք է Նուբար Աֆեյանը գործադրի, որպեսզի Հայաստանում այդ պատվաստանյութը ևս ունենանք»,–ասաց Ավանեսյանը։
Նրա խոսքով` այս պահին մասնավոր ընկերությունները չեն ստանձնում պատվաստանյութերի վաճառքի քաղաքականությունը` կառավարության մենաշնորհն է դա։ Ավանեսյանը հույս հայտնեց, որ առաջիկայում հաջողություններ կունենան այս առնչությամբ։
Անդրադառնալով պատվաստումներին` նա նշեց, որ հետաքրքիր գործիքակազմ են մտածել պատվաստման ցուցանիշը բարձրացնելու համար. շուտով պատվաստվողները վիճակահանության միջոցով կունենան թատրոնների, օպերային ներկայացումների տոմսեր:
Հիշեցնենք` Աֆեյանն իր հերթին հայտնել էր, որ աշխատում են, որպեսզի Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանին և տարածաշրջանին կարողանա նվերի տեսքով տրամադրել կորոնավիրուսի դեմ ամերիկյան պատվաստանյութը։
Հավելենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 112–ով և դարձել 228 910: