ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik․ Իշխող կուսակցությունում մտադիր են քնարկել ԱԺ փոխնախագահի պաշտոնը «Պատիվ ունեմ» դաշինքին տալու հարցը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանն այդ մասին ասաց լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նորընտիր պատգամավորների հետ հանդիպմանը։
«Իմ կարծիքով՝ ճիշտ կլինի, որ ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակը լինի «Պատիվ ունեմ» դաշինքից։ «Պատիվ ունեմ» դաշինքն ունենալու է ընդամենը մեկ հանձնաժողովի նախագահի տեղակալ և փաստացի ԱԺ խորհրդում ներկայացված է լինելու ընդամենը մեկ ներկայացուցչով՝ ԱԺ-ում իրենց խմբակցության ղեկավարը: Ես կարծում եմ, որ ընդդիմության համար հավասար պայմաններ ստեղծելու համար մենք պետք է քննարկենք այս անգամ ԱԺ փոխխոսնակ ունենալու հնարավորությունը երրորդ խմբակցությանը տալու հարցը», -ասաց նա:
Հարցին՝ եթե «Պատիվ ունեմ» դաշինքը թեկնածու չառաջադրի, ՔՊ-ն կընտրի՞ «Հայաստան» դաշինքի թեկնածուին, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ դա կախված է իրավիճակից և թեկնածուից։
Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներին
Հիշեցնենք՝ ՔՊ-ն ընտրություններին ստացել էր քվեարկողների 54,55% ձայները, ըստ այդմ ձեռք բերելով 68 մանդատ։
Բացի ՔՊ—ից, խորհրդարան են անցել նաև «Հայաստան» դաշինքը՝ 26 մանդատով և «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 7 մանդատով։
Ով կստանա ԱԺ փոխնախագահի` ընդդիմության աթոռը. «Հայաստան» դաշինքում հարցը որոշված է