ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Արցախի Մարտունու շրջանում գերեվարված քաղաքացին հետ է վերադարձվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
«Քաղաքացին այս պահին գտնվում է ռուս խաղաղապահների մոտ։ Շուտով կփոխանցեն հայկական կողմին»,- ասաց նա։ Գերեվարման պահին քաղաքացին միայնակ է եղել։ Կորցրած անասուններին որոնելիս հայտնվել է ադրբեջանական կողմում։
«Անասունները գտնվել են, թե ոչ` չեմ կարող ասել։ Չգիտենք` անասուններն էլ են անցել ադրբեջանական կողմ, թե ոչ»,- հայտնեց Արցախի ՄԻՊ-ը։
Քաղաքացու առողջական վիճակի մասին այլ մանրամասներ Ստեփանյանը խոստացավ ավելի ուշ հայտնել։
Ինչպես արդեն հայտնել էինք, Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի բնակիչներից մեկը` ծնված 1989թ.–ին, կորած անասունների որոնման ընթացքում հայտնվել է ադրբեջանական ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում։
Ռուս խաղաղապահների միջնորդությամբ բանակցություններ էին վարվում նրան հետ բերելու համար։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
ԼՂ–ն Ադրբեջանի տարածքից դուրս է. Արտակ Բեգլարյանը մեկնաբանել է Իլհամ Ալիևի հարցազրույցը
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: