«Դեռ աշխատավարձ չեն ստացել». որքա՞ն կվարձատրվեն պարեկները

Աշխատավարձի չափը կախված է լինելու նրանց կարգից։ Կան կրտսեր պարեկներ, պարեկներ և ավագ պարեկներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Պարեկների ամենացածր աշխատավարձը կլինի 230 000 դրամ։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց ոստիկանության Պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանը` անդրադառնալով Երևանում հուլիսի 7-ին մեկնարկած Պարեկային ծառայությանը։

Պարեկային նոր ծառայության մեքենաների արտաքին ձևավորումը առաջիկայում կփոխվի. Հովսեփյան

«Քանի որ ոստիկանությունում աշխատավարձերն ամսվա վերջ են փոխանցվում, ուստի դեռևս պարեկները չեն վարձատրվել։ Աշխատավարձի չափը լինելու է ըստ իրենց զբաղեցրած պաշտոնների` կրտսեր պարեկներ, պարեկներ և ավագ պարեկներ»,–ասաց Ումրշատյանը։

Լրագրողների հարցին, թե սոցցանցերում քննադատություններ են հնչում, որ պարեկները հոսք կարգավորելիս անփորձ են և ավելի շատ խցանումներ են առաջացնում` Ումրշատյանը պատասխանեց, որ դրանք սուբյեկտիվ կարծիքներ են` քաղաքացին չի կարող պատկերացրել` ինչու է կանաչ լույսի դեպքում պարեկը մեքենաների հոսքը կանգնեցնում։

«Այս ամենը մասնագիտական խնդիր է, չնայած ուսումնական ծրագրի մեջ փոփոխություններ ենք անում։ Պարեկային ծառայողները փորձառության ընթացքում պետք է հմտություններ ձեռք բերեն, իսկ հասարակության պահանջը պարեկից այս կարճ ժամանակում ավելի շատ է։ Այսինքն` ծառայությունը նոր է, իսկ հասարակության պահանջն էլ ավելի շատ, և ամեն ինչ անելու ենք արդարացնելու այդ պահանջը»,–ասաց Ումրշատյանը։

Իսկ ինչ վերաբերում է պարեկների հետ կապված խնդիրներին, ապա, ըստ նրա, քաղաքացիների կողմից լուրջ ահազանգեր չկան` զուտ ծառայողական խնդիրներ կան։

Հիշեցնենք, որ Պարեկային ծառայությունը Երևանում մեկնարկել է հուլիսի 7-ից. մինչև 2023-ի առաջին եռամսյակի ավարտը ՀՀ ողջ տարածքում պարեկային ծառայություն կգործի։

Քահանան օրհնության կարգ կատարեց, և պարեկները ծառայության անցան Երևանում. տեսանյութ