Ադրբեջանը 15:30-ից վերսկսել է կրակոցները. ՊՆ

Ադրբեջանցիները հայկական դիրքերի ուղղությամբ կրակում են հրաձգային զինատեսակներից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Հակառակորդը հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես Երասխի ուղղությամբ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից։

«Կրակոցները վերսկսել են 15:30-ից։ Կրակում են միայն դիրքերի ուղղությամբ»,– ասացին գերատեսչությունից։

 

ՊՆ–ն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր` ժամը 11։30-ից սկսած, հակառակորդը հրադադարը խախտել է Երասխի ուղղությամբ։

Հայկական կողմը դիմել է հակազդող գործողությունների։ Այս պահի դրությամբ իրավիճակը հանգիստ է։

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Ի՞նչ է կատարվում Արմաշում և Սուրենավանում. բնակիչները կրակոցներ են լսում, ղեկավարները` ոչ

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական Երասխի հատվածում ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով փորձել էին ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել: Հայկական կողմի՝ նշված աշխատանքները դադարեցնելուն միտված հակազդող գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ էին բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով ՀՀ ԶՈւ զինծառայող էր մահացել:

Ադրբեջանի զինված ուժերը Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ կրակ էին բացել նաև հուլիսի 16-ին և 17-ին։

Հուլիսի 23-ին Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Ադրբեջանական կողմի հերթական սադրանքի հետևանքով ինտենսիվ փոխհրաձգության ժամանակ հրազենային վնասվածքներ են ստացել ՀՀ ԶՈւ 3 զինծառայողներ։