ՌԱԴԻՈ

Բիզնես ծրագրեր վիրավորում ստացած զինծառայողների համար. կարելի է դիմել նաև 2–րդ անգամ

Պատերազմում վիրավորում ստացած տղաներն իրենց բիզնես-հնարավորությունները կփորձեն անասնապահության, մեղվաբուծության, փայտամշակման ոլորտներում, կհիմնեն երաժշտական ստուդիա, սառնարանային տնտեսություն, ժապավենների և քուղերի արտադրություն։
Sputnik
Բիզնես ծրագրեր վիրավորում ստացած զինծառայողների համար. կարելի է դիմել նաև 2–րդ անգամ

Երևանում և Գեղարքունիքի մարզի Տրետուք, Մեծ Մասրիկ, Մարտունի, Գավառ համայնքների 7 վիրավորում ստացած զինծառայողներ դրամական աջակցություն են ստացել իրենց բնակավայրերում փոքրիկ բիզնես հիմնելու համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Զինվորի տան մեկ պատուհանի կրթական ծրագրերի համակարգող Նունե Բալյանը։

Ձեռքերը կորցրին, երազանքները` ոչ. պատերազմում վիրավորված տղաները բիոնիկ պրոտեզներ կունենան

Պատերազմում վիրավորում ստացած տղաներն իրենց բիզնես-հնարավորությունները կփորձեն անասնապահության, մեղվաբուծության, փայտամշակման ոլորտներում, կհիմնեն երաժշտական ստուդիա, սառնարանային տնտեսություն, ժապավենների և քուղերի արտադրություն։

Մինչև ֆինանսավորումը ծրագրի շահառուները բիզնես-ծրագրեր են ներկայացրել։ Տղաների հետ աշխատել են բիզնես-խորհրդատուները։

«Առաջին փուլում դիտարկվել է չոր բիզնես գաղափարը և թե որքանով է մարդը պատկերացնում այդ գաղափարն իրականացնելու գործընթացը, դժվարությունները, այսինքն` զուտ մասնագիտական գնահատում է արվել։ Դրանից հետո միայն փորձել ենք հասկանալ, թե որ համայնքներից են նրանք, և առաջնահերթությունը տրվել է սահմանամերձ համայնքներում բնակվող զինծառայողների նախագծերին ու նաև այն զինվորներին, որոնք որևէ այլ աջակցություն պետությունից չեն ստացել»,- ասաց նա։

Նախագահականում մեկնարկել է «Զարթոնք» ծրագիրը վիրավորում ստացած զինծառայողների համար

Բալյանի խոսքով` առավել խոցելի են նաև մարտական գործողությունների ժամանակ վիրավորում ստացած, բայց հաշմանդամության խումբ չունեցողները, քանի որ նրանք չեն օգտվում որևէ պետական աջակցությունից և բավականին երկար ժամանակ կպահանջվի, որպեսզի լիարժեք վերականգնվեն և կարողանան աշխատանքի անցնել։

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 14 միլիոն դրամ։ Գումարը, սակայն, բաշխվել է ըստ ներկայացված ծրագրի բյուջեի` 1.5 միլիոնից մինչև 3 միլիոն։

«Օրինակ` մեղվաբուծական արտադրանքի պատրաստման արհեստանոցը 3 միլիոն 100 հազար դրամ դրամաշնորհ է ստացել, որովհետև բյուջեով հիմնավորված բոլոր ծախսերը ներկայացվել են, որ նախագծի մեկնարկի համար այդքան գումար է անհրաժեշտ, իսկ ոչխարաբուծության դեպքում 1 միլիոն 500 հազար է բյուջեն եղել, որովհետև հաշվարկով մարդիկ ցույց են տվել, որ այդքանը բավարար կլինի 30 ոչխար ձեռք բերելու, գոմը բարեկարգելու ու բիզնեսը սկսելու համար»,- նշեց նա։

Նշենք, որ ծրագրի ավելի քան 400 հայտատուներից հաստատվել են 242-ի նախագծերը։

Նրանցից 235-ը սպասում են ֆինանսավորման իրենց հերթին, իսկ նրանք, ովքեր հավաքել են 35-ից ցածր միավոր, երկրորդ անգամ դիմելու հնարավորություն կունենան։

Կառավարությունը շուրջ 100 մլն դրամ կտրամադրի վիրավոր զինվորին Գերմանիայում բուժելու համար