1000 ծառ` նեկտարինի 1 կորիզից. ինչպես Հայաստանը դարձավ նեկտարին աճեցնող ու արտահանող երկիր

Մասնագետը զգուշացնում է. նեկտարինի հարցում անհրաժեշտ է պետության մասնակցությունն ու մասնագիտական խորհրդատվությունը, այլապես կստացվի ինչպես ծիրանի դեպքում` բոլորն աճեցնում են, բայց իրացնել չեն կարողանում։
Sputnik

Հայաստանում նեկտարին աճեցնելու առաջին փորձերն արվել են դեռ խորհրդային սովխոզներում։ Բայց լայն տարածքում այն այդպես էլ չի ստացել։ 2000-ականների սկզբին Հայաստանում նեկտարինի նկատմամբ հետաքրքրությունը նոր թափ ստացավ։

Նեկտարինի 1000 պտղատու ծառ` մեկ կորիզից

Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի բնակիչ Հակոբ Մարգարյանը նեկտարինի իր առաջին ծառը տնկել է շուրջ 15 տարի առաջ, տան համար շուկայից գնված մրգի կորիզից` զուտ հետաքրքրության համար` տեսնելու, թե ինչ կաճի Հայաստանի համար այդ տարիներին դեռևս «էկզոտիկ» համարվող մրգից։

1000 ծառ` նեկտարինի 1 կորիզից. ինչպես Հայաստանը դարձավ նեկտարին աճեցնող ու արտահանող երկիր

Փորձնական տնկված ծառը ոչ միայն աճեց ու բերք տվեց, այլև դարձավ Մարգարյանների ընտանեկան բիզնեսի հիմնաքարը։

Համագյուղացիները, տեսնելով Հակոբի սկսած գործը, սկզբում թերահավատությամբ էին մոտենում։ Այսօր արդեն իրենք էլ հետևում են նրա օրինակին։

«Մեր գյուղում մի 10 հոգու արդեն գիտեմ, որ նեկտարին են աճեցնում։ Էդ էլ մեզանից սկսվեց։ Ովքեր տնկիներ են ուզել, բոլորին տվել եմ։ Թող իրենք էլ գործ անեն»,– ասում է Հակոբը։

Ժամանակի հետ ավելացող մրցակցությունը արմավիրցի հողագործներին չի անհանգստացնում։ Հակոբ Մարգարյանի խոսքով, շուկայում պահանջարկը շատ ավելին է, քան Հայաստանի նեկտարինի ներկայիս ամբողջ առաջարկը։ Խոսքը ոչ միայն ներքին, այլև հիմնականում արտաքին շուկայի մասին է։ Արտահանող ընկերությունները բերքահավաքին իրենք են գտնում գյուղացուն։ Հակոբ Մարգարյանի 7 հա այգու բերքն ամբողջությամբ արտահանվում է Ռուսաստան։ Ինքը միայն  մշակում ու հավաքում է բերքը. իրացման ամբողջ հոգսն իր վրա է վերցնում արտահանողը։  

Գյուղը ոռոգման խնդիր չունի, ինչը բավական հեշտացնում է գյուղացիների գործը։ Շատ ավելի դժվար է նեկտարինին բնորոշ հիվանդությունների դեմ պայքարելը։ Իր բնույթով նուրբ այս ծառատեսակը շատ խոցելի է հիվանդությունների նկատմամբ։

1000 ծառ` նեկտարինի 1 կորիզից. ինչպես Հայաստանը դարձավ նեկտարին աճեցնող ու արտահանող երկիր

«Նեկտարին աճեցնելը հեշտ չէ, դժվար է, հատուկ խնամք, ծառի բուժում է պահանջում։ Ամեն ինչ պետք է ճիշտ անես, որ արդյունք ստանաս»,– ասում է այգեգործը` վտահեցնելով, որ, անկախ դժվարություններից, իր աշխատանքից ու դրա արդյունքից գոհ է։ Դժգոհության միակ պատճառը բերքին մեծ վնաս պատճա

ռող կարկուտն ու ուժեղ քամիներն են, ինչպես նաև նոր ներդրումների համար ֆինանսների բացակայությունը։ Մարգարյանը դեռ 2018թ–ին է դիմել կառավարությանը` սուբվենցիոն որևէ ծրագրում ներառվելու խնդրանքով, բայց մինչ օրս դեռ պատասխանի է սպասում։

Որ նեկտարինը «ծիրան» չդառնա

Արմավիրի մարզում գործող «Նորատունկ» ՓԲԸ հիմնադիր–սեփականատեր Հովհաննես Հովհաննիսյանի հաշվարկով՝ ԵԱՏՄ շուկայում կայուն տեղ ստանալու ու նաև արաբական, եվրոպական շուկաներ դուրս գալու համար Հայաստանը պետք է առնվազն 4000 հա նեկտարինի այգիներ ունենա։

1000 ծառ` նեկտարինի 1 կորիզից. ինչպես Հայաստանը դարձավ նեկտարին աճեցնող ու արտահանող երկիր

«Հայաստանն ունի մեծ պոտենցիալ նեկտարինով լցնելու մեր հիմնական շուկաները։ Բայց մենք պետք է ունենանք մեծ քանակոթյուն, որպեսզի կարողանանք կայուն տեղ ունենալ շուկայում։ Եթե մենք 10 000-20 000 տոննա տանենք, մեզ կասեն` այսօր այս  10 000 տոննան բերել եք, բա հետո ի՞նչ անենք։ Այդ 10 000 տոննան խոշոր առևտրային ցանցի մեջ աշխատողները կուտեն, կվերջացնեն»,– ասաց նա։

Այսօր Հայաստանի պոտենցիալ  շուկաներն իր արտադրանքով լցնում է Ադրբեջանը։ Հետևաբար, մրցունակ լինելու համար, Հովհաննիսյանի խոսքով, Հայաստանը պետք է զարգացնի նեկտարինի հատկապես ուշահաս տեսակների մշակումը, քանի որ ադրբեջանականը վաղահաս տեսակն է։

Հովհաննես Հովհաննիսյանը նեկտարինի տնկիներն ստանում է հատուկ այդ նպատակով արտասահմանից ներկրված պատվաստակալների վրա նեկտարինի տարբեր տեսակներ պատվաստելով։

«Նման պատվաստակալների վրա պատվաստված ծառերը լինում են ավելի փոքր ու ավելի շուտ են մտնում բերքատվության տակ։ 1 հա–ի վրա հնարավոր է մինչև 3000-3500, նաև ավելի ծառ տնկել»,– ասում է Հովհաննիսյանը` նշելով, որ հատուկ մշակված տնկիներից հիմնված այգին սեփականատիրոջից անհամեմատ ավելի քիչ հոգս ու ծախս է պատճառում։ Բայց պատվաստված տնկանյութը սովորական տնկիներից թանկ է, դրա համար էլ  գյուղացուն չի գրավում։

1000 ծառ` նեկտարինի 1 կորիզից. ինչպես Հայաստանը դարձավ նեկտարին աճեցնող ու արտահանող երկիր

«Նրան տալիս է 100 դրամ, սրան պիտի տա 500 դրամ»,– ասում է Հովհաննիսյանը` մեկնաբանելով, թե ինչու է գյուղացին գերադասում ծանոթներից տնկի խնդրել կամ կորիզից ծառ աճեցնել, քան պատվաստված տնկի գնել։

Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով, նեկտարինը Հայաստանում հնարավոր է աճեցնել բոլոր այն տարածքներում, որտեղ աճում է դեղձը, քանի որ դրանք նույն բնակլիմայական պայմաններում աճող տեսակներ են։

Ու թեև Հայաստանում թե՛ ներուժ, թե՛ ցանկություն կա նեկտարին աճեցնելու, բայց մասնագետը նաև զգուշացնում է. այս հարցում անհրաժեշտ է պետության մասնակցությունն ու մասնագիտական խորհրդատվությունը, այլապես կստացվի ինչպես ծիրանի դեպքում. բոլորն աճեցնում են, բայց իրացնել չեն կարողանում։ Պատճառը, ըստ մասնագետի, այն է, որ ծիրանը Հայաստանում տնկվել ու այսօր էլ մշակվում է առանց տեսակների ու քանակների մասնագիտական հաշվարկի։ Դրա պատճառով բերքը հասունանում ու հավաքվում է միաժամանակ, գինն ու պահանջարկն էլ միանգամից ընկնում են։ Արդյունքում` Հայաստանի 10 000 հա ծիրանի այգիներից տարեկան արտահանվում է ընդամենը 25 000 տոննա ծիրան։

Ինչ վերաբերում է նեկտարինին, ՊԵԿ–ում դրա արտահանման առանձին վիճակագրություն չի վարվում։

Նեկտարինի արտահանումը հաշվառվում է ծիրանի, բալի, կեռասի, դեղձի ու սալորի հետ` մեկ ապրանքախմբում։

Պաշտոնական վիճակագրության համաձայն, այս մրգերից 2019թ–ին արտահանվել է  ավելի քան 29 842 տոննա,  2020–ին` 31 304։ Արտահանման ծավալով առաջին տեղում Ռուսաստանն է (2019-ին` 27 807տ, 2020-ին` 30 648), երկրորդը` Վրաստանը (2019–ին` 1 673 տ, 2020-ին` 430), երրորդը` Բելառուսը (199 և 182,5 տոննա):