Վերին Շորժայի մոտ ադրբեջանցիների կրակոցներից խոշոր եղջերավոր անասուն է սատկել

Հրաձգությունը շարունակվել է նաև այսօր կեսօրին` 11։30-ից մինչև 12։00-ի սահմաններում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի - Sputnik. ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի Սարատեղի կոչվող բնակավայրի մոտ հուլիսի 23-ից սկսված ադրբեջանական կողմից կրակոցներն ամբողջ գիշեր չեն դադարել։

Վիրավորում ստացած զինծառայողին վիրահատել են, նրա վիճակը ծայրահեղ ծանր է

Ինչպես հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, այսօր` հուլիսի 24-ի առավոտյան, ժամը 07։00-ի սահմաններում Վերին Շորժայի բնակիչները գյուղի կովերից մեկին հայտնաբերել են ադրբեջանական կրակոցներից սատկած։

Թաթոյանը նաև հայտնում է, որ գյուղի բնակիչների տեղեկացմամբ՝ կրակոցներով ադրբեջանական զինված ուժերը խաթարել են բնակավայրի հանգիստը: Իրենք ստիպված են եղել ողջ գիշեր պատսպարվել:

Հրաձգությունը շարունակվել է նաև այսօր կեսօրին` 11։30-ից մինչև 12։00-ի սահմաններում։

«Հուլիսի 23-ի և 24-ի կրակոցները ևս մեկ անգամ ապացուցում են, որ ադրբեջանական զինված ուժերի ինքնին ներկայությունը ՀՀ քացաքացիական բնակավայրերի հարևանությամբ, Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին ՀՀ բնակիչների կյանքի իրավունքի խախտում է»,– արձանագրում է ՄԻՊ–ը։

Ադրբեջանական ԶՈւ հանցավոր արարքները, նրա խոսքով, խախտում են ՀՀ բնակիչների սեփականության, ազատ տեղաշարժի, անասնապահությամբ զբաղվելու և ընտանիքի եկամուտը վաստակելու և մյուս կենսական իրավունքները, ոտնահարում քաղաքացիական բնակիչների անդորրն ու բնականոն կյանքը:

Ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Ինչու է ադրբեջանական կողմը սահմանային սադրանքների դիմում. պարզաբանում է փորձագետը

Իսկ հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական Երասխի հատվածում ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով փորձել էին ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել: Հայկական կողմի՝ նշված աշխատանքները դադարեցնելուն միտված հակազդող գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ էին բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով ՀՀ ԶՈւ զինծառայող էր մահացել:

Ադրբեջանի զինված ուժերը Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ կրակ էին բացել նաև հուլիսի 16-ին և 17-ին։