«Այս արհավիրքը կանգնեցնել է պետք». Նաիրա Զոհրաբյանը փոխում է մասնագիտությունը

Նաիրա Զոհրաբյանը շարունակելու է մնալ առաջնագծում, մշտադիտարկման թիրախում են պահելու և՛ իշխանությանը, և՛ ընդդիմությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. ՀՀ ազգային ժողովի նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր համախոհների ու գործընկերների հետ որոշել է իրավապաշտպան ՀԿ ստեղծել։  Նա Facebook–ի իր էջում գրել է, որ կազմակերպությունը կկոչվի «Անվտանգություն և ժողովրդավարություն»։

Սուրեն Պապիկյանը սուպերնախարարից դառնալու է սուպերփոխվարչապետ. «Հրապարակ»

«Մեր օրակարգը մեծ է՝ մարդու իրավունք, բնականաբար նաև ռազմագերիների, անհետ կորածների խնդիրներ, քաղաքական մոնիթորինգ, ժողովրդավարության և անվտանգության հարցեր։ Քաղաքական նախապատվություն և կամ ինչ-որ մեկի քաղաքական շահի սպասարկում չկա ու չի լինելու։ Մեր մշտադիտարկման թիրախում լինելու է թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը։ Կա՛ և լինելու է մեկ օրակարգ ու մեկ շահ՝ Հայաստանի օրակարգն ու շահը։ Այո, բարդ է լինելու այս համատարած աբսուրդի ու ֆալշի, պոպուլիզմի ու ստի, հանրային մեծ դեպրեսիայի ու հիասթափության մեջ լինել լսելի։ Բայց մենք փորձելու ենք։ Փորձելու ենք, որովհետև այս ընտրությունները ոչ միայն չլուծեցին երկրի համակարգային խնդիրները, այլև կոսմետիկ սվաղի տակ փակելով՝ խորացրին ազատ անկման անկյունը»,– գրել է նա։

Զոհրաբյանի խոսքով` փորձելու են, որովհետև այս արհավիրքը կանգնեցնել է պետք։ Նա շեշտել է` հունիսի 20-ի ընտրությամբ այդ թիվ մեկ հարցը չլուծվեց, որովհետև պարզվեց` ո՛չ իշխանությունը և ո՛չ էլ ընդդիմությունը իրենց առջև նման խնդիր չէին էլ դրել։

Հիշեցնենք` Նաիրա Զոհրաբյանը մայիսի 20-ին հայտարարեց, որ վայր է դնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գլխավոր քարտուղարի պարտականությունները և ԱԺ արտահերթ ընտրություններին չի մասնակցելու ԲՀԿ համամասնական ցուցակով։

Հունիսի 1-ին էլ նա հայտնեց, որ հինգ հոգով որոշել են համատեղել իրենց ջանքերը և հիմնել «Ընտրությունների վերահսկման կոմիտե»։

Նշենք, որ Զոհրաբյանն ավարտել է Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտի թատերագիտության բաժինը, հետո միջազգային ժուռնալիստիկայի երկամյա դասընթաց է անցել: Լրագրող է աշխատել «Ար», «Առավոտ», «Հայոց աշխարհ», «Հայք» պարբերականներում, եղել է «Հայկական ժամանակ» օրաթերթի քաղաքական մեկնաբանը, հաղորդում է վարել «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում: 2007 թվականից նա ԱԺ պատգամավոր էր։