ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի - Sputnik. Կեսգիշերին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի կենտրոնում. ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը Տերյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկում պոկվել և ընկել է, փակելով Մոսկովյան փողոցը: Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։
Տուժածներ չկան, սակայն մեծ վնաս է պատճառվել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողական Skoda մակնիշի ավտոմեքենային, ինչպես նաև մոտակայքում կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենային:
Նշված հատվածում երթևեկությունը ժամանակավորապես միակողմանի է դարձել։ Դեպքի վայր է ժամանել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: