Նիկոլ Փաշինյանի դուստրը դիմել է Վերաքննիչ դատարան. զրպարտության հարցը մնում է բաց

Դատարանը մերժել էր վարչապետի պաշտոնակատարի դստեր հայցը` պատճառաբանելով, որ վիճարկվող գրառումն իրականում հասցեագրված չէ անմիջականորեն Շուշան Փաշինյանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի - Sputnik. ՀՀ վարչապետի պարշտոնակտար Նիկոլ Փաշինյանի դուստրը` Շուշան Փաշինյանը դիմել է Վերաքննիչ քաղաքացիական դատարան։

ԲԴԽ նախկին նախագահը դատի է տվել ԲԴԽ–ին

Դատական տեղեկատվական համակարգում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ առաջին ատյանի դատարանի որոշումը Վերաքննիչ ատյան է ուղարկվել հուլիսի 19-ին։

Շուշան Փաշինյանը բողոքարկել է հօգուտ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի ՀՀ քաղաքացիական դատարանի կայացրած որոշումը, որով դատարանը փաստորեն մերժել էր վարչապետի պաշտոնակատարի դստեր հայցը։

Հիշեցնենք` Շուշան Փաշինյանը դատարան էր դիմել ավելի քան մեկ տարի առաջ` 2020թ–ի փետրվարի 26–ին` դատարանից պահանջելով Նարեկ Սամսոնյանի հրապարակումն իր հասցեին որակել որպես զրպարտություն, պարտավորեցնել հրապարակայնորեն հերքել ու վճարել 2 մլն դրամ` որպես պատվին և արժանապատվությանը հասցված ոչ նյութական վնաս։

Դատարանը մերժել էր վարչապետի պաշտոնակատարի դստեր հայցը` պատճառաբանելով, որ Սամսոնյանի գրառումն իրականում հասցեագրված չէ անմիջականորեն Շուշան Փաշինյանին և Շուշան Փաշինյանը չէ, որ հանդիսացել քննադատության թիրախ:

«Կհանդիպենք դատարանում». Վանեցյանը դատի է տալու պաշտպանության նախկին փոխնախարարին

Խոսքը Նարեկ Սամսոնյանի` 2020 թվականի հունվարի 26-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կատարած հետևյալ գրառման մասին է. «Վարչապետի միջնեկ աղջիկը, հոր՝ վարչապետ դառնալուց հետո շատ-շատ ա հավանել սև իկռան: Ու դե քանի որ մեր վարչապետն էլ ալամ աշխարհի գերագույն գլխավոր խմբագիրն ա, երեխու խաթրը չի կարողանում կոտրել ու տենց երևանյան ռեստորաններից մեկից (ռեստորանի անունը հատուկ չեմ տալիս դեռ) հաճախակի 1 կիլոգրամը 3 հազար դոլարով մեր «սուրբ» Նիկոլը երեխու համար իկռա ա առնում»:

Նշենք, որ առաջին ատյանի դատարանը վճիռը կայացվել էր 2021թ–ի հունիսի 18-ին և դիմող կողմին 1 ամիս ժամանակ էր տվել այն Վերաքննիչ դատարանում բողոքարկելու համար։