ՌԱԴԻՈ

Ներքաղաքական իրավիճակը լիցքաթափվել է. Դիանա Գասպարյանը՝ մանդատից հրաժարվելու մասին

Էջմիածնի քաղաքապետը պատասխանել է Հայաստանի ներքաղաքական զարգացումների վերաբերյալ Sputnik Արմենիայի հարցերին։
Sputnik
Ներքաղաքական իրավիճակը լիցքաթափվել է. Դիանա Գասպարյանը՝ մանդատից հրաժարվելու մասին

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը կշարունակի պաշտոնավարել մինչև աշուն։ Դա է պատճառը, որ նա հրաժարվել է պատգամավորական մանդատից։ Իսկ արդեն աշնանը նախատեսված ՏԻՄ ընտրություններում գործող քաղաքապետը կգլխավորի ՔՊ համամասնական ցուցակը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Դիանա Գասպարյանը։

Նա հավաստիացնում է` քաղաքական թիմից հիասթափված չէ, ավելին, ասում է`իր քաղաքական թիմը կառավարման 3 տարիներից միայն 2019-ին է բնականոն աշխատելու հնարավորություն ունեցել։

Էջմիածինն ու նիդեռլանդական Ալմելոն դարձել են քույր քաղաքներ

«2018-ի վերջում տեղի են ունեցել ԱԺ ընտրություններ, ձևավորվել է կառավարությունը, 2020 թվականից արդեն վրա են հասել համավարակը, աղետալի պատերազմը, այնպես որ, կարծում եմ` հաշվի առնելով այդ հանգամանքները, կառավարած ժամակահատվածը և աշխատանքը համեմատության մեջ, մեր քաղաքական թիմն ամենաարդյունավետն է եղել կատարած աշխատանքների քանակով»,- ասաց նա։ 

Նրա կարծիքով` ասվածի մասին են վկայում նաև վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Ըստ Գապարյանի` դրանք գալիս են փաստելու, որ չնայած մեզ պատուհասած աղետներին` ժողովուրդը հասկանում է`իրականում բոլոր ձախողումների հիմքում ոչ թե վերջին տարիներին թույլ տված սխալներն են, այլ այն,որ տասնամյակներ շարունակ կազմաքանդվել են պետության «օրգան-համակարգերը» `բանակը, տնտեսությունն ու մյուս ոլորտները։

«Քաղաքացին իր կամարտահայտությունը ցույց տվեց ընտրություններում, իր ընտրությունը կատարեց, ՍԴ-ն ընտրությունների ելքի վրա ազդող խախտում չարձանագրեց, մնացած խոսակցությունները պարզապես քաղաքական ուժերի ցանկալի իրողության վերաբերյալ են, ոչ թե իրականության։ Ներքաղաքական իրավիճակը, կարծում եմ, լիցքաթափվել է ընտրություններից հետո»,- նշեց Գասպարյանը։

«Աստված էլ է զայրացել մեր երկրի վիճակից». Էջմիածին-Զվարթնոց հատվածում գրանցված պտտահողմը

Անդրադառնալով պաշտոնյաների փոխատեղումներին՝ Գասպարյանը նշեց, որ գործող իշխանության` մեկ պաշտոնյային մեկ այլ պաշտոնում նշանակելու ավանդույթն ամենևին էլ տարակուսելի չէ. կադրային քաղաքականության մեջ առաջնայինը պրոֆեսիոնալիզմը, տվյալ ոլորտը ղեկավարելու կարողություններն ու ազնիվ մղումներն են։ 

«Որևէ պաշտոնյա կարող է օրենսդիրում իրեն չարդարացնել, գործադիրում արդարացնել, և հակառակը։ Ամեն դեպքում կարծում եմ, որ առնվազն մեծամասնության մոտ մղումներն ազնիվ են, ցանկությունը մեծ է հայրենիքի համար գործ անելու և իրեն հանձնված ոլորտը պատշաճ ղեկավարելու, այնպես որ եթե ցանկությունը կա, կարծում եմ` ամեն ինչ ժամանակի ընթացքում հնարավոր է իրականացնել»,- ընդգծեց Էջմիածնի քաղաքապետը։

Էջմիածինը դատապարտում է Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային եղեռնագործությունը

Գասպարյանն իրեն կոմպետենտ չի համարում Ադրբեջանում պահվող հայ գերիներին և սահմանային վեճերին առնչվող հարցերին խորքային պատասխանելու համար։ Դրանք բավական բարդ, երկարատև ու ժամանակատար գործընթաց է համարում։ Մյուս կողմից համոզմունք է հայտնում, որ իշխող թիմում բոլոր հնարավոր ջանքերը գործադրում են գերտերությունների միջնորդությամբ թշնամական Ադրբեջանի հետ երկխոսության եզրեր գտնելու և խնդրի կարգավորման ուղղությամբ։

Նշենք, որ Դիանա Գասպարյանը` ի թիվս ՔՊ անցողիկ շեմը հաղթահարած 17 պատգամավորների, ինքնաբացարկ էր հայտնել և հրաժարվել պատգամավորական մանդատից։