Հերթը հաղթանակներինն է. Ծառուկյանն ուղերձ է հղել օլիմպիադային մասնակցող հայ մարզիկներին

32–րդ ամառային օլիմպիական խաղերը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կանցկացվեն հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: Պաշտոնական մեկնարկը նախանշված է այսօր, Երևանի ժամանակով 15.00–ին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik․ ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը հաջողություններ ու հաղթանակ է մաղթել Տոկիոյի ամառային օլիմպիադային մասնակցող հայ մարզիկներին։

Հայտնի է Հայաստանի օլիմպիական հավաքականի ժամանակացույցը

«Ներքուստ համոզված եմ, որ դուք պատվով կկատարեք հաջող մասնակցություն ունենալու առաջադրանքը: Այդպես մտածելու հիմք է հանդիսանում ձեր անցած մարզական ճանապարհը: Այն հեշտ ու հանգիստ չի եղել, ձեզ բաժին են հասել դժվարին մարտահրավերներ: Նախորդ տարի մոլեգնած համավարակի ու մեր երկրում ստեղծված պատերազմական իրավիճակով պայմանավորված հայոց մարզաշխարհը դժվարին շրջափուլ է անցել: Դժվարություններն անցյալում են, հիմա հերթն արդեն հաղթանակներինն է»,– գրել է Ծառուկյանը Facebook-ի իր էջում:

Նա նաև նշել է, որ այսօր, առավել քան երբևէ, մեր ազգին անհրաժեշտ են հաղթանակներ:

«Աշխարհասփյուռ հայությունը ձեզ հետ է, տղե՛րք: Վերադարձե՛ք հաղթանակած: Աստված պահապա՛ն մեզ բոլորիս»,– իր ուղերձում մաղթել է ազգային օլիմպիական կոմիտեի նախագահը։

32–րդ ամառային օլիմպիական խաղերը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կանցկացվեն հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: Պաշտոնական մեկնարկը նախանշված է այսօր, Երևանի ժամանակով 15.00–ին։ Խաղերի բացումը կհայտարարի Ճապոնիայի 126-րդ կայսր Նարուհիտոն։

Ներքին խոհանոց. ինչո՞վ են սնվում օլիմպիական մարզիկներն ու լրագրողները Տոկիոյում

Օլիմպիադային կմասնակցի 206 երկրի 12500 մարզիկ։

Հայաստանն այս սպորտային տոնին կներկայացնեն 17 մարզիկներ 8 մարզաձևերից: