Ձեռքերը կորցրին, երազանքները` ոչ. պատերազմում վիրավորված տղաները բիոնիկ պրոտեզներ կունենան

Արդեն մի քանի օր է, ինչ 44–օրյա պատերազմում ձեռքերը կորցրած տղաներից 20–ը Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում ձեռքի բիոնիկ պրոտեզներ են ստանում։ Sputnik Արմենիայի նկարահանող խումբը եղել է կենտրոնում, զրուցել տղաների հետ։
Sputnik

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի սենյակներից մեկում ենք։ Ռուսաստանից Հայաստան ժամանած 2 պրոթեզավորողներն ակտիվ այս ու այն կողմ են գնում, համապատասխան մասեր բերում, չափումներ անում, որ պատերազմում ձեռքը կորցրած հերթական երիտասարդին բնականոն կյանքի վերադարձնեն։

Ձեռքերը կորցրին, երազանքները` ոչ. պատերազմում վիրավորված տղաները բիոնիկ պրոթեզներ կունենան

Սենյակի մի անկյունում նստած են 20–ամյա արդեն նախկին ժամկետային զինծառայողներ Արմեն Հովհաննիսյանն ու Սուրեն Դիլբարյանը։ Տղաներն աչք չեն կտրում ռուս մասնագետների աշխատանքից, որոնց պարբերաբար օգնում է ֆիզիոթերապիստ Արամ Մելիքյանը։ Նա դեռ ուսանող է, բայց համատեղությամբ աշխատում է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում, իսկ վերջին 3 ամսներին առաջարկ է ստացել վերապատրաստվելու որպես պրոթեզավորող։ Սիրով համաձայնել է ու անցել գործի։

Ձեռքերը կորցրին, երազանքները` ոչ. պատերազմում վիրավորված տղաները բիոնիկ պրոթեզներ կունենան

Նրա խոսքով`միջինը 3-4 օր է պետք, որպեսզի տղաները նոր պրոթեզներին հարմարվեն։

Դե, իսկ ռուս մասնագետները շատ արագ են աշխատում։ Պատահում է` ընդամենը մեկ օրում ամբողջ ձեռքի բիոնիկ պրոթեզը պատրաստում են ու տեղադրում։

Ձեռքերը կորցրին, երազանքները` ոչ. պատերազմում վիրավորված տղաները բիոնիկ պրոթեզներ կունենան

Տղաները մինչ այս (վերականգնողական բուժման ընթացքում) նաև պրոթեզավորման նախապատրաստական փուլ են անցել. մկանները վարժեցրել են, ֆիզիկապես ու հոգեբանորեն պատրաստվել պրոթեզ օգտագործելուն։

«Այս պրոթեզները բազմաֆունկցիոնալ են. տղաները դրանք կառավարում են մկանային ազդակների միջոցով։ Ամեն ազդակ ունի իր նշանակությունը։ Մեր ռուս գործընկերները պատմում են, որ իրենց պացիենտներից մեկն այս պրոթեզով նույնիսկ միկրսխեմաներ է զոդում»,–ասում է Արամը, հետո ժպիտով հավելում, որ մեր տղաներն էլ պակասը չեն. Մեկն, օրինակ, որոշել է, որ պրոթեզը ստանալուց հետո դաշնամուր նվագել է սովորելու։

Ձեռքերը կորցրին, երազանքները` ոչ. պատերազմում վիրավորված տղաները բիոնիկ պրոթեզներ կունենան

Մինչ զրուցում եմ Արամի հետ, տղաները ժպիտով հետևում են մեզ, իսկ զրույցը սկսելուց առաջ վստահեցնում` ամեն ինչ լավ է։

ՀՀ նախագահը կաջակցի վիրավորների պրոթեզավորման գործընթացին

Արմենը 20 տարեկան է։ Ծառայում էր Մատաղիսում, երբ պատերազմը սկսվեց։ Վիրավորվել է հենց առաջին օրը` սեպտեմբերի 27–ին։ Վիրավորման մանրամասների մասին զրույցը ժպիտով շրջանցում է, հետո շտապում ավելացնել, որ պատերազմն իր երազանքները չի կարողացել ջնջել։

Ձեռքերը կորցրին, երազանքները` ոչ. պատերազմում վիրավորված տղաները բիոնիկ պրոթեզներ կունենան

«Ընդունվել եմ Ամերիկյան համալսարան, դառնալու եմ ինժեներ-ծրագրավորող։ Սեպտեմբերից գնալու եմ դասի, բացի այդ, այս ընթացքում օնլայն կուրսեր եմ անցել, երեկ էլ վկայական ստացա։ Ես մինչև բանակ գնալս լավ ուսում եմ ստացել, նպատակս հիմա այն է, որ շարունակեմ նույն ձևով, անցնեմ աշխատանքի։Այն, ինչ պետք է անեի բանակից գալուց հետո, (եթե պատերազմ չլիներ) փորձում եմ հիմա անել։ Դե, այսպես է ստացվել, շուտ են զորացրել։ Իմ կյանքի պլանների մեջ ոչինչ չի փոխվել»,–ասում է տղան։

Արմենն արդեն իր բիոնիկ պրոթեզը փորձարկել է, նույնիսկ տուն է տարել, բայց այսօր հետ է բերել , քանի որ մի քիչ փոփոխություններ պետք է արվեն։

Ձեռքերը կորցրին, երազանքները` ոչ. պատերազմում վիրավորված տղաները բիոնիկ պրոթեզներ կունենան

«3 օր հատուկ պարապմունքներ եմ անցել, ծանոթացել եմ բիոնիկ պրոթեզի աշխատանքին, հնարավորություններին։ Մնում է, որ սովորեմ ձեռքիս վրա պրոթեզի քաշին, որովհետև մի տեսակ հետ եմ վարժվել։ Սկզբում անընդհատ ցանկություն կար ձեռքս պրոթեզի միջից հանելու, բայց հետո սովորեցի։ Հիմա բավականին հարմարավետ է։ Դժվարություններ առաջանում են որոշակի դիրքերում օգտագործելիս, բայց դա էլ ժամանակի հարց է. երբ մկաններս ձգվեն, խնդիրներ չեն լինի»,–ասում է տղան։

Ի տարբերություն Արմենի`Սուրենը վիրավորվել է 44–օրյա պատերազմի վերջին օրը, Մարտունի քաղաքում։

Ձեռքերը կորցրին, երազանքները` ոչ. պատերազմում վիրավորված տղաները բիոնիկ պրոթեզներ կունենան

«Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերն էր, երբ հրադադարն արդեն հայտարարվել էր։ Պատերազմին սկզբից մինչև վերջ լիարժեք մասնակցել եմ, բայց դե վերջում «կռիսություն» արեցին ու տեսա, թե ինչպես է ֆոսֆորային սնարյադն ուղիղ ինձ վրա գալիս։ Հիշում եմ միայն, որ չէի տեսնում ոչինչ»,–ասում է տղան։

Հիշում է, թե թոքերում ինչ ցավ էր զգում ու ինչքան դժվար էր ձայն հանելը, բայց վերջին ուժերը հավաքեց ու օգնություն կանչեց։

«Գոռում էի՝ օգնեք, էլի, ախպեր, խնդրում եմ, ու վաշտի հրամանատարի ձայնն եմ հիշում՝ հեսա, Սուր ջան, հանում ենք, դիմացիր։ Մեկ էլ ականջներումս ա մեր ֆելդշեր Միսակի ձայնը. ասում էր`չքնե՛ս Սուրո, հանկարծ չքնես»։

Ձեռքերը կորցրին, երազանքները` ոչ. պատերազմում վիրավորված տղաները բիոնիկ պրոթեզներ կունենան

Սուրենը դեմքի և ձեռքի շրջանում ֆոսֆորային այրվածքներ է ստացել։ Երկար ժամանակ բուժվել է։ Բժիշկները տղայի ձեռքը փրկել չեն կարողացել։

Արդեն 3 ամիս է, ինչ նա բուժում է ստանում Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում։ Իր բիոնիկ պրոթեզը դեռ չի փորձարկել, ասել են` մեկ շաբաթ հետո իրենն էլ պատրաստ կլինի։

Սուրենը ձեռքի բիոնիկ պրոթեզի աշխատանքը դեռ չի տեսել, փոխարենը ոտքի բիոնիկ պրոթեզն է տեսել, տղաներն ասել են`գոհ են։ Սուրենը չի փոշմանել ոչ մի բանի համար։

Ձեռքերը կորցրին, երազանքները` ոչ. պատերազմում վիրավորված տղաները բիոնիկ պրոթեզներ կունենան

«Պետք լիներ՝ մյուս ձեռքս էլ կտայի, միայն թե հողերի կեսը գոնե հետ բերեինք»,-ասում է տղան։

Պատերազմը Սուրենին շատ է մեծացրել։ Ով նայում է, չի հավատում, որ 20 տարեկան է։ Իսկ նա միանգամից հասունացել է, բայց չի կոտրվել։ Այժմ ընդունվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ, սովորում է սպորտային լրագրություն բաժնում։

Ասում է`առաջին երազանքն արդեն կատարվել է` Հանրային հեռուստաընկերության եթերում ֆուտբոլ է մեկնաբանել։

Ձեռքերը կորցրին, երազանքները` ոչ. պատերազմում վիրավորված տղաները բիոնիկ պրոթեզներ կունենան

Հավելենք, որ բիոնիկ պրոթեզը 36 գործողության հնարավորություն ունի, 18 ֆունկցիան հենց պրոթեզի վրա է, իսկ մնացածը կարգավորվում է հատուկ ծրագրի օգնությամբ։ Որոշակի գործողություններ տղաներն իրենք էլ կարող են ծրագրում ավելացնել և կիրառել։

Նշենք, որ մինչև պատերազմն էր Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կետրոնը պրոթեզարանի ստեղծում նախաձեռնել։ Պատերազմից հետո գործին միացել է Հայաստան համահայկական հիմնադրամը։ Միայն 20 երիտասարդի ձեռքի բիոնիկ պրոթեզի համար հիմնադրամը 1 մլն եվրո է հատկացրել։     

Պրոթեզավորման կարիք ունի պատերազմի 115 մասնակից. փոփոխություններ` պրոթեզավորման կարգում