ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում այսօր` Երևանի ժամանակով 15.00–ին, կմեկնարկի վերջին տարիներին ամենակարևոր մարզական իրադարձությունը` 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը:
Մեկնարկը պաշտոնապես կհայտարարի Ճապոնիայի 126-րդ կայսր Նարուհիտոն։
Օլիմպիադային կմասնակցի 206 երկրի 12500 մարզիկ։ Նրանք կմրցեն 33 մարզաձևում՝ պայքարելով 339 մեդալի համար։
2020-ի Օլիմպիական խաղերում մենք առաջին անգամ կտեսնենք կարատեի, ժայռամագլցման, սերֆինգի, սքեյթբորդի, 3x3 բասկետբոլի, ֆրիսթայլ-BMX-ի մրցումներ, ինչպես նաև լողի և ատլետիկայի խառը փոխանցումավազքեր, ձյուդոյի, տրիատլոնի և նետաձգության խառը թիմային մրցումներ: Օլիմպիական ծրագիր են վերադարձել նաև բեյսբոլն ու սոֆթբոլը։
Միջոցառման սցենարը դեռևս հայտնի չէ: Մի բան պարզ է. այն օլիմպիական խաղերի պատմությունում ամենաաանաղմուկ արարողությունը կլինի, կանցկացվի դատարկության և լռության մեջ, քանի որ չեն լինի հանդիսականներ:
Ենթադրվում էր, որ ներկա կլինեն շուրջ 10 հազար պաշտոնյաներ և հովանավոր ընկերությունների ներկայացուցիչներ, բայց ժամեր առաջ հայտնի դարձավ, որ նրանց թիվը նվազել-դարձել է ընդամենը 950: Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է կազմկոմիտեի ներկայացուցիչ Հիդեմասա Նակամուրան:
Ներքին խոհանոց. ինչո՞վ են սնվում օլիմպիական մարզիկներն ու լրագրողները Տոկիոյում
Հայաստանն այս սպորտային տոնին կներկայացնեն 8 մարզաձևերի 17 մարզիկներ:
Ազատ ոճի լողորդներ
Արթուր Բարսեղյան, 50 և 100 մետր տարածություն
Վարսենիկ Մանուչարյան, 100 մետր տարածություն
Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկներ
Արթուր Ալեքսանյան («Սպիտակ արջ»), մինչև 98 կգ քաշային կարգ
Կարապետ Չալյան, մինչև 77 կգ քաշային կարգ
Կարեն Ասլանյան, մինչև 67 կգ քաշային կարգ
Արմեն Մելիքյան, 60 կգ քաշային կարգ
Ազատ ոճի ըմբշամարտիկներ
Արսեն Հարությունյան, մինչև 57 կգ քաշային կարգ
Վազգեն Թևանյան, մինչև 65 կգ քաշային կարգ
Բռնցքամարտիկներ
Կորյուն Սողոմոնյան, մինչև 52 կգ քաշային կարգ
Հովհաննես Բաչկով, միչև 63 կգ քաշային կարգ
Արման Դարչինյան, մինչև 75 կգ քաշային կարգ
Ծանրորդներ
Իզաբելա Յայլյան, մինչև 59 կգ քաշային կարգ
Սիմոն Մարտիրոսյան, մինչև 109 կգ քաշային կարգ
Ձյուդոյիստ
Ֆերդինանդ Կարապետյան, մինչև 73 կգ քաշային կարգ
Ատլետ (եռացատկ)
Լևոն Աղասյան
Մարմնամարզիկ
Արթուր Դավթյան
Մարզական հրաձիգ
Էլմիրա Կարապետյան
Հայաստանը ներկայացնող մարզիկների ելույթները կցուցադրի Հանրային հեռուստաընկերությունը:
Ժամանակակից Օլիմպիական խաղերի պատմության մեջ Հայաստանը ներկայացնող 14 մարզիկներ նվաճել են ոսկե մեդալ.
Հրանտ Շահինյան (սպորտային մարմնամարզություն, Հելսինկի 1952թ.), Վլադիմիր Ենգիբարյան (բռնցքամարտ, Մելբուռն 1956թ.), Ալբերտ Ազարյան (սպորտային մարմնամարզություն, Մելբուռն 1956թ.), Իգոր Նովիկով (ժամանակակից հնգամարտ, Մելբուռն 1956թ.), Ֆաինա Մելնիկ (ատլետիկա սկավառականետում, Մյունխեն 1972թ.), Էդուարդ Ազարյան (սպորտային մարմնամարզություն, Մոսկվա 1980թ.), Յուրի Վարդանյան (ծանրամարտ, Մոսկվա 1980թ.), Լևոն Ջուլֆալակյան (հունահռոմեական ըմբշամարտ, Սեուլ 1988թ.), Օգսեն Միրզոյան (ծանրամարտ, Սեուլ 1988թ.), Մնացական Իսկանդարյան (հունահռոմեական ըմբշամարտ, Բարսելոնա 1992թ.), Իսրայել Միլիտոսյան (ծանրամարտ, Բարսելոնա 1992թ.), Հրաչյա Պետիկյան (հրաձգություն, Բարսելոնա 1992թ.), Արմեն Նազարյան (հունահռոմեական ըմբշամարտ, Ատլանտա 1996թ.), Արթուր Ալեքսանյան (հունահռոմեական ըմբշամարտ, Ռիո դե Ժանեյրո 2016թ.)։
Հայտնի են Օլիմպիական խաղերի բացման ժամանակ Հայաստանի դրոշակակիրները
Նշենք, որ 2016 թվականի ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնում էին 32 մարզիկ՝ 8 մարզաձևում: Խաղերում հայ մարզիկները նվաճել են 1 ոսկե և 3 արծաթե մեդալ, ինչը Հայաստանի հավաքականին թույլ է տվել ոչ պաշտոնական մեդալային հաշվարկում զբաղեցնել 42-րդ տեղը: Ոսկե մեդալը նվաճել է, ինչպես արդեն նշեցինք, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, իսկ ըմբիշ Միհրան Հարությունյանը, ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը արծաթե մեդալներ են ստացել: