ԱԱԾ-ն կապ չի ունեցել ուժեղացված ծառայության հետ. պարզաբանում

Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է սեղմ ժամկետներում հերքել իրականությանը չհամապատասխանող տեղեկությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի - Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները որևէ մասնակցություն չեն ունեցել օրերս Երևանում իրականացված ուժեղացված ծառայության հետ։ Տեղեկությունը հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը՝ արձագանքելով Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տարածած հաղորդագրությանը։

ԱԱԾ–ն բացահայտել է մի խումբ պաշտոնատար անձանց կատարած հանցագործությունները

Հուլիսի 21-ի երեկոյան ոստիկանները մայրաքաղաքում կանգնեցնում էին ավտոմեքենաներն ու զննություն անցկացնում սրահներում ու բեռնախցիկներում, ստուգում մեքենայում գտնվող անձանց փաստաթղթերը։ Երեկ հայտնի դարձավ, որ ուժեղացված ծառայության ընթացքում տարբեր կասկածանքներով բաժիններ են բերման ենթարկել 49 հոգու։

«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ կառույցի ծառայողները որևէ մասնակցություն չեն ունեցել վերոնշյալ միջոցառմանը, և պահանջում է այսուհետև զերծ մնալ չստուգված տեղեկություններ հրապարակելու և տարածելու գործելաոճից»,- նշված է հաղորդագրության մեջ։

ԱԱԾ-ն հորդորում է նշված կառույցին սեղմ ժամկետներում հերքել տվյալ միջոցառմանը ՀՀ ազգային անվտանգության ծառայության մասնակցության վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվությունը:

Նշենք, որ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն այսօր հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ «ՀՀ ոստիկանության և ԱԱԾ-ի կողմից «ուժեղացված ծառայության» գործողությունները չեն համապատասխանում ժողովրդավարական պետությունում հասարակական կարգի և անվտանգության ապահովման նպատակին, և անհամաչափ են»։